Չինաստան

Չինաստանում թեյագործական առաջին գյուղի համբավը վայելող Ուցզատայը թեյի մշակումն ու մատուցումն արվեստի է վերածել

5 րոպեի ընթերցում

Չինաստանում թեյագործական առաջին գյուղի համբավը վայելող Ուցզատայը թեյի մշակումն ու մատուցումն արվեստի է վերածել

Հնուց կայսերական պատվավոր անունը վաստակած թեյի մշակման շրջանի ուղիղ սրտում է գտնվում Ուցզատայի զբոսաշրջային և մշակութային համալիրը, որտեղ ներդաշնակված են այս մշակաբույսի  աճեցման ավանդույթները և տուցզյա ժողովրդի յուրահատուկ կոլորիտը։

Ընդհանուր առմամբ՝ 8.5 քառ. կիլոմետր ընդգրկող տարածքում առկա են վեց գեղատեսիլ գոտիներ՝ Թեյի ծաղիկների հովիտը, Կայսերական թեյի հրապարակը, Թեյի բլուրները, Լոնգդոնգի ծոցը, Չանոնի հայրենիքը և Ռոմանտիկ թեյի պլանտացիաները։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը «Աշխարհը դիմավորում է ձեզ այստեղ. արտասահմանյան լրագրողների ճամփորդություն Հուբեյում» ծրագրով լրագրողական շրջայց է կատարել նահանգում և ծանոթացել տեղի զբոսաշրջային հայտնի վայրերին, հյուրընկալության ավանդույթներին ու տեղական մշակույթի այլ գրավիչ առանձնահատկությունների:

Ըստ զբոսավարների՝ այս վայրի պատմությունը սկիզբ է առնում 1784 թվականից, երբ Ցյանլուն կայսեր գահակալության ժամանակ տեղի Տուցզյա ցեղապետը պալատին նվիրեց  տարածքից բերված թեյի ընտիր տերևներ։ Կայսրը, հիացած դրանցից պատրաստված թեյի համով, գյուղին շնորհեց «Կայսերական բարեհաճություն և առատաձեռնություն» պատվավոր հուշատախտակը։  

Այդ ժամանակներից ի վեր՝ Ուցզատայի թեյը հայտնի է որպես «կայսերական», իսկ բնակավայրը ձեռք է բերել Չինաստանի առաջին թեյագործական գյուղի համբավը։ 

Թեյի հինավուրց այս ծննդավայրին ծանոթանալու նպատակով զբոսաշրջիկների համար ստեղծված են բազմաթիվ հարմարավետ արշավային արահետներ, աստիճաններ, ընդհուպ՝ կարելի է երթևեկել ճոպանուղով:

Բացի այդ՝ դեռ հնուց այստեղ բլրակի վրա կառուցվել է ամառային տաղավար, որտեղից կարելի է դիտել թեյի լայնատարած հանդակներն ու շրջակա գեղատեսիլ լանդշաֆտը:

Ընդհանրապես Ուցզատայի տեղական տնկարկները հայտնի են  հնագույն թեյի նախ մշակման  հարուստ ավանդույթներով, ապա արդեն յուրահատուկ նուրբ համով ու ազնվաբույրով:  

Գյուղն արժանացել է բազմաթիվ պատվավոր կոչումների ՝ «Միջազգային հմայիչ թեյի գյուղ», «Չինաստանի ամենագեղեցիկ թեյի այգին», ինչպես նաև ստացել է 4A կարգի զբոսաշրջային գոտու պաշտոնական կարգավիճակ։  

Բացի այդ, այն  ճանաչվել է Հուբեյ նահանգի ամենագեղեցիկ գյուղերից մեկը։ Տուցզյա ժողովրդի համար թեյը կյանքի անբաժանելի մասն է: Այն ոչ միայն օգտագործվում է որպես ամենօրյա ըմպելիք, այլ նաև կարևոր դեր է խաղում նվիրատվության, հյուրերի ընդունելության, հարսանեկան արարողությունների, հուղարկավորության և այլ ավանդական միջոցառումների ժամանակ: Թեյի արտադրության պատմական ավանդույթն այստեղ փոխանցվում է սերնդեսերունդ։ Այսօր Ուցզատայի թեյի արտադրության տեխնիկան պաշտոնապես ճանաչվում է որպես Հուբեյ նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Սերունդների քրտնաջան աշխատանքի և խնամքի շնորհիվ թեյի տնկարկների մասշտաբները շարունակաբար աճել են՝ հասնելով  ավելի քան 13,000 հեկտարի: 

Տեղի մասնագետներն էլ հաջողությամբ ստեղծել են բարձրորակ սորտեր, որոնք հատկապես հարմար են տեղական կլիմայի և հողի համար: 

Ներկայում Ուցզատայի թեյի արտադրությունն իրականացվում է նաև տեխնոլոգիական ու մեքենայացված եղանակներով՝ ժամանակակից ագրոարդյունաբերական ստանդարտներին համապատասխան՝ ներառյալ էկոլոգիապես մաքուր վերամշակումը, օրգանական գյուղատնտեսության և արտահանման սերտիֆիկացման չափանիշների պահպանումն ու որակի եվրոպական ստանդարտների ապահովումը: Այս միջոցառումների շնորհիվ թեյի այս տեսակը ոչ միայն պահպանում է ավանդական համն ու բույրը, այլև վստահորեն մուտք է գործում միջազգային շուկա ՝ որպես բարձրորակ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Սկսած 2013 թվականից՝ գարնանը Ուցզատայում անցկացվում է թեյի սեզոնի բացման փառատոն։ Դրան հրավիրվում են թեյի սիրահարներ Չինաստանի և աշխարհի բոլոր անկյուններից։ Հյուրերը հնարավորություն ունեն հավաքել առաջին գարնանային թեյը,  մասնակցել ժողովրդական ներկայացումներին,  լիովին վայելել կայսերական թեյի  հարուստ մշակույթը:

Հատկանշական է, որ Ուցզատայում թեյի մատուցման յուրահատուկ արարողությունը, նույնիսկ,  արվեստի, կարելի է ասել, նաև ծիսական մակարդակի է հասցված:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում