Հունգշույ գետի վրա «լողացող վիշապ»-ը Չինաստանի Էնշի քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից է
2 րոպեի ընթերցում

Չինաստանի Էնշի քաղաքում Հունգշույ գետի վրա «լողացող վիշապը»-ը Չինաստանի Հուբեյ նահանգի Էնշի-Տուցզյա-Մյաոսկոմի ինքնավար շրջանի զբոսաշրջային տպավորիչ ու հիշարժան այցեքարտերից է:
«Արմենպրես»-ի թղթակիցը «Աշխարհը դիմավորում է ձեզ այստեղ.արտասահմանյան լրագրողների ճամփորդություն Հուբեյում» ծրագրով լրագրողական շրջայց է կատարել նահանգում և ծանոթացել տեղի զբոսաշրջային հայտնի վայրերին, հյուրընկալության ավանդույթներին ու տեղական մշակույթի այլ գրավիչ առանձնահատկությունների:
Հունգշույ գետի վրայով «նավարկող վիշապ»-ն ավելի քան 3 տասնյակ բամբուկե լաստերից կազմված տպավորիչ կոմպոզիցիա է՝ 252 մետր ընդհանուր երկարությամբ, որը կարող է տեղավորել մինչև 140 զբոսաշրջիկի։
Այս լաստանավերը, որոնք կազմում են «վիշապի մարմինը», գեղարվեստական լուսավորության և երաժշտության հետ միասին, ստեղծում են Հունգշույ գետի մակերեսով պտտվող հսկա վիշապի ֆանտաստիկ տեսարան։
Նախագիծը ստեղծումից ի վեր ենթարկվել է արդիականացման՝ դառնալով լիովին էլեկտրական և «խելացի», ինչն ապահովել է զրոյական արտանետումներ, իսկ այցելուների համար՝ բարենպաստ շրջակա միջավայրի ու հարմարավետության ներդաշնակ համադրություն։
Երեկոյան, երբ գետի ափերը լուսավորվում են տոնական զարդարանքի նմանվող լապտերներով, բացվում է առանձնահատուկ գեղատեսիլ համայնապատկեր՝ ինչպես գետի արտացոլանքում. այնպես էլ ափերի ամբողջ երկայնքով։
Հյուրերը լաստանավային զբոսանքի ընթացքում կարող են վայելել տուցզյա ժողովրդական երգեր և կենսուրախ ավանդական պարեր՝ լիովին ընկղմվելով այս յուրօրինակ վայրի իսկական մշակութային մթնոլորտում: