Չինաստան

«Կենդանի թանգարան». չինական դինամիկ զարգացող, կոլորիտային Փենգզյաչժայ գյուղը բացահայտում է բնության ու մարդու ներդաշնակության ոգին

5 րոպեի ընթերցում

«Կենդանի թանգարան». չինական դինամիկ զարգացող, կոլորիտային Փենգզյաչժայ գյուղը բացահայտում է բնության ու մարդու ներդաշնակության ոգին

Չինաստանի Հուբեյ նահանգի զբոսաշրջային Փենգզյաչժայ մշակութային համալիրն ու նրա սրտում գտնվող համանուն կոլորիտային գյուղակը համարվում են տեղաբնակ տուցզյա ժողովրդի մշակույթի «կենդանի թանգարան»: 

«Արմենպրես»-ի թղթակիցն «Աշխարհը դիմավորում է ձեզ այստեղ. արտասահմանյան լրագրողների ճամփորդություն Հուբեյում» ծրագրով լրագրողական շրջայց է կատարել նահանգի տեսարժան վայրերում և ծանոթացել տեղի զբոսաշրջային հայտնի վայրերին, հյուրընկալության ավանդույթներին ու տեղական մշակույթի այլ գրավիչ առանձնահատկությունների:

Փենգզյաչժայ մշակութային համալիրի սրտում գտնվում է փայտե հիմնասյուներով տների յուրօրինակ, կարելի է ասել, սիմֆոնիան, որտեղ բնությունը, տուցզյա ժողովրդի ճարտարապետական ​​վարպետությունն ու ավանդույթները միաձուլվում են ներդաշնակ ամբողջության մեջ։ 

Սա պարզապես թանգարան չէ բաց երկնքի տակ, այլ դինամիկ զարգացող ազգագրական կենտրոն, որը վերստեղծում է չինական ավանդական գյուղի իսկական ոգին։

Այստեղ կարելի է ընկղմվել տուցզյա ժողովրդի բազմաշերտ մշակույթի մեջ՝ սովորելով ավանդական արհեստներ, ծանոթանալով յուրահատուկ ճարտարապետությանը, մասնակցելով միջազգային հետազոտական ​​ծրագրերի ու ինտերակտիվ վարպետության դասերի գյուղատնտեսության վերաբերյալ, ինչպես նաև դիտելով թատերական ներկայացումներ:

Այս նախագիծը ստացել է ազգային ճանաչում՝ ընդգրկվելով Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթ ծրագրերի ցանկում և դառնալով նահանգի ծառայությունների ոլորտի զարգացման հիմնական օբյեկտ։

Փենցզյաչժայի ճարտարապետական ​​նախագծերը արժանացել են հատուկ ճանաչման՝ ներկայացվելով Վենետիկի ճարտարապետական ​​երեք հեղինակավոր բիենալեներում անընդմեջ, ինչն ընդգծում է դրանց համաշխարհային նշանակությունը։

Համանուն գյուղը համարվում է եզակի «կենդանի թանգարան»՝ արտացոլելով  տուցզյա ժողովրդի մշակույթը, կենցաղն ու ավանդույթները:

Այս բնակավայրի  հիմքը հանդիսանում է փայտե հիմնասյուներով  տների համալիրը, որը ներառված է Չինաստանի մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձանների ցանկում: 

Այստեղ վերստեղծվում է տուցզյա ժողովրդի կյանքի դինամիկ, անընդհատ զարգացող համայնապատկերը, որտեղ կարելի է տեսնել նրանց ավանդական արտադրական և կենցաղային տեսարանները:

Զբոսաշրջիկներին համալիրում առաջարկվում է յուրահատուկ  ինտերակտիվ ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում  փորձել տեղի ժողովրդի  ավանդական  հագուստը, ծանոթանալ նրանց սովորույթներին, խմել ծիսական «գինին դարպասի մոտ», լսել ժողովրդական երգեր, դիտել ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացումներ՝ մասնակից դառնալով տուցզյա ժողովրդի տոնական օրվան:

Շրջայցը համալիր մեկնարկում է զբոսաշրջային կենտրոնից, որտեղ  առկա են զբոսաշրջիկների սպասարկման, առևտրային և ժամանցային տարածքներ, մշակութային ցուցադրություններ, ինչպես նաև ազգային հագուստի վարձույթի կետ:

Տեղաբնիկ զգալու յուրահատուկ զբոսաշրջային ծրագիրը սկսվում է հենց այստեղից՝ հանդերձավորվելով տարազով: Այնուհետև համալիր մուտք գործող հսկայական կամրջի վրա հյուրերին դիմավորում են տանտերերը՝ ծիսական երգ ու պարով, ինչպես նաև քաղցրահամ գինով, որը բարեկամության առաջարկ է խորհրդանշում: Այստեղից այն կողմ, կարելի է ասել, տանտեր և հյուր հասկացությունները պայմանական բնույթ են ստանում, քանի որ զբոսաշրջիկները ճանապարհն արդեն շարունակում են որպես յուրայիններ:  

Բուն «փայտե ոտքերով» գյուղ կարելի է հասնել ծաղկազարդ ու գեղատեսիլ տեսարաններով հագեցած ճանապարհով անցնող մանկական երկաթուղով և վերադառնալ տուցզյա ժողովրդի մայր գետ համարվող Յուշույ գետում սպասող հարսանեկան նավակներով: Այս ամենն ուղեկցվում է աչք շոյող հանդերձանքով, տեղաբնիկների՝ բնությանը ներդաշնակված ինտերակտիվ բեմական ներկայացումներով, երգ- երաժշտությամբ, պարերով , ինչն առանձնակի գունազարդում է  տոնական տրամադրությունը:

Ինչ վերաբերում է տեղի բնակիչներին, ապա զբոսաշրջային ու մշակութային համալիրի ստեղծումը նոր շունչ է հաղորդել նրանց կենսակերպին՝ ավանդական գյուղատնտեսական մշակությունը, արհեստներն ու մշակութային առանձնահատկությունները վերածելով եկամտի աղբյուրի: 

Այս վայրը բնության ու մարդու ներդաշնակության մասին անսպառ բացահայտումների աղբյուր և պարզապես հանգստի դրախտային անկյուն կարող է լինել չինական քաղաքակրթության, էկո և ագրոտուրիզմի սիրահարների համար:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում