Աշխարհում ամենամեծ քարանձավներից համարվող Թոնգլունդունը Չինաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող զբոսաշրջային վայրերից է
5 րոպեի ընթերցում

Չինաստանի Հուբեյ նահանգում բնությունը շատ նմանություններ ունի Հայաստանի լեռնաանտառային հատվածների գեղատեսիլ բնության հետ: Մի պահ, երբ լեռների ու խիտ ծառերի արանքներից աննկատ են դառնում բրնձի հանդակները, չինական ավանդական ճարտարապետության շքեղ դիմերեսով ու տանիքներով շինությունները, կարող է նույնիսկ թվալ, որ Սյունիքում ես կամ Դիլիջանի հանգստավայրերից մեկի հարակից անտառներում։

Այստեղ բարձրագագաթ լեռներից մեկի սրտում բացվում է Թոնգլունդուն հսկայական քարանձավային համալիրը, որը 5A մակարդակի (Չինաստանի ամենաբարձր զբոսաշրջային վարկանիշը) զբոսաշրջային գոտի է, ազգային գեոպարկ և աշխարհի ամենամեծ քարանձավներից մեկի համարումն ունի։
«China National Geography» ամսագիրը 2005 թվականին այն ներառել է «Չինաստանի ամենագեղեցիկ վայրերը» և «Երկրի 6 ամենագեղեցիկ քարանձավները» ցանկերում։
Այն Չինաստանի ամենամեծ քարանձավային համակարգն է, որը բաղկացած է հինգ մակարդակից և որի ուսումնասիրված երկարությունը կազմում է 59,8 կմ, իսկ ընդհանուր մակերեսը՝ ավելի քան 2 միլիոն քառակուսի մետր։

Քարանձավի ցամաքային հատվածի 72 մետր բարձրությամբ և 64 մ լայնությամբ հիմնական մուտքն այնքան հսկայական է, որ կարող է միաժամանակ տեղավորել 20 բեռնատար կամ թույլ տալ ուղղաթիռին ազատորեն մանևրել։
Քարանձավագետների միջազգային արշավախմբերը 1988 և 2006 թվականներին Թոնգլունդունի համապարփակ ուսումնասիրություններ են կատարել՝ հաստատելով, որ այն աշխարհի ամենամեծ քարանձավային համակարգերից է:
Դեռևս 2008 թվականին այս տեսարժան վայրը ստացել է ազգային զբոսաշրջային օբյեկտի կարգավիճակ, իսկ 2011-ին ընդգրկվել Հուբեյ նահանգի 10 զբոսաշրջային խորհրդանիշների ցանկում: Արդեն 2014 թվականին այն հաստատվել է որպես Չինաստանի ազգային գեոպարկ: Բացի այդ՝ անցած տարի քարանձավն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային գեոպարկերի ցանկում ՝ որպես «Enshi-Dasyagu & Tonglundun» համալիրի մաս:

Վիճակագրության համաձայն ՝ այստեղ 2024 թվականին այցելուների թիվը հասել է 1,78 միլիոնի ՝ նախորդ տարվա մոտ 1,5 միլիոնի փոխարեն: Ընդ որում՝ անցած տարի առավելագույն օրական հաճախելիությունը քարանձավ կազմել է մոտ 17 հազար մարդ։
Վերջին երկու տարիների ընթացքում այս վայրը կայուն դասվում է Չինաստանում 5A կատեգորիայի 100 ամենաշատ այցելվող տուրիստական օբյեկտների շարքում:
Թոնգլունդուն քարանձավային համալիրը զբաղեցնում է 69 քառակուսի կիլոմետր տարածք ՝ միավորելով շրջակա լեռները, գետերը, քարանձավները և անտառները: Այն հայտնի է իր հոյակապ և գեղատեսիլ լանդշաֆտներով:
Քարանձավի ցամաքային հատվածը ներառում է հինգ լեռնային գագաթներ և տասը դահլիճ ՝ խճճված անցումներով։
Ստորգետնյա հատվածով հոսող գետը՝ 16,8 կմ երկարությամբ, ընթացքում կազմում է ավելի քան 10 ջրվեժ։

Հիմնական մուտքի շրջակայքից տեսարան է բացվում դեպի Բուդդայի լիճը, որտեղ լույսի, ջրի և ստվերի խաղը ստեղծում է գունազարդ պատկեր: Այս վայրը հատկապես հայտնի է լուսանկարիչների և արվեստագետների շրջանում։ Այստեղ կարելի է նաև օդապարիկով հասնել մինչև քարանձավի առաստաղ և բարձունքից ըմբոշխնել տարածքի ողջ հմայքը:
Ներկայում Թոնգլունդուն քարանձավի առաջին 5 կիլոմետրը հագեցած է զբոսաշրջիկների համար՝ ներառյալ նույնքան երկարությամբ երկկողմանի ճանապարհը էլեկտրական ավտոմեքենաների համար, որոնք զբոսաշրջիկներին այնուհետև տեղափոխում են էլեկտրալամպերով լուսավորվող քարանձավի խորքը, ուր կարելի է ականատես լինել ոչ միայն տեղանքին բնորոշ երկրաբանական ուշագրավ, առեղծվածային բնապատկերների, այլ նաև վայելել սուրճ, թեյ, իսկ քարանձավային ընդարձակ մի հատվածում ստեղծված յուրահատուկ համերգասրահում վայելել տեղաբնակների մշակույթի ու հնում չին ժողովրդի առօրյայի, ծեսերի, հարսանեկան ավանդական արարողությունը, ազգային սովորույթները ներկայացնող առինքնող երգ-երաժշտություն, լուսաձայնային էֆեկտներով հագեցած ներկայացումներ: Դրանցից մի քանիսն, ընդ որում, հանդիսատեսին ներշնչում են նախամարդու քարանձավային կյանքին շատ բնորոշ ծեսերի մասնակիցը լինելու զգացում:

Հատկանշական է, որ ամբողջ էքսկուրսիան առավել հիշարժան դարձնող մշակութային ներկայացման ցանկից տուցզյան ժողովրդի երգերից մեկը նույնիսկ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
