Հայաստան

Երևանում անցկացվեց «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» խորագրով պանելային քննարկում

7 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» խորագրով պանելային քննարկում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համատեղ ջանքերով Երևանում անցկացվեց «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» խորագիրը կրող պանելային քննարկում, որի նպատակն է ժողովրդավարական կառավարման ամրապնդումը, թափանցիկության խթանումը և քաղաքացիների մասնակցությունը քաղաքական ու ընտրական գործընթացներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող միջոցառմանը մասնակցում էին ինչպես արտերկրի փորձագետներ, այնպես էլ ոլորտի գործունեությամբ ու աշխատանքներով հետաքրքրված հայաստանյան մի խումբ ներկայացուցիչներ։ Պանելային քննարկումը բաղկացած էր երկու՝ «Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը և թվային գործիքները» ու «Թվային գործիքները և իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը գնումների գործընթացում» ենթաթեմաներից։ 

«Ինչպես գիտեք, ԱՅ ԷՖ Ի ԷՍ կազմակերպությունում մենք բավականին մեծ շեշտադրում ենք կատարում և կարևորում ենք թվային գործիքակազմի կիրառումը, որն ուղղված է ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, թափանցիկության խթանմանը և քաղաքացիների մասնակցությանը քաղաքական և ընտրական գործընթացներին։ Քանի որ ամբողջ աշխարհում թվային նորարարությունը ձևավորում է կառավարումը, Հայաստանը նույնպես յուրահատուկ հնարավորություն ունի կիրառել թվային տեխնոլոգիաներն ու գործիքները, որպեսզի կառուցի ավելի հաշվետու համակարգեր, հաշվետու ինստիտուտներ և կատարելագործի քաղաքացիական ներգրավվածությունը»,-իր ելույթում նշեց ԱՅ ԷՖ Ի ԷՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն՝ հավելելով, որ անցկացվող պանելային քննարկումը կենտրոնացած է էլեկտրոնային և թվային մեխանիզմների և դրանց կիրառման վրա՝ մասնավորապես քաղաքական ֆինանսավորման և պետական, հանրային գնումների գործընթացներում դրանց կիրառման վրա, ինչը կարող է նպաստել նաև ավելի մեծ թափանցիկությանը և պետական մարմինների նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև ապօրինի ֆինանսավորման և դրա աղբյուրների ավելի արդյունավետ բացահայտմանը։

Բաց կառավարման գործընկերության Հայաստանի համակարգող, վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լեյլա Աֆրիկյանն ասաց, որ պանելային քննարկման թեմաները պատահական չեն ընտրված, քանի որ այդ բոլոր հարցերը հանրային լայն հետաքրքրություն են ներկայացնում։

«Մենք կարծում ենք, որ միայն բաց, արդյունավետ երկխոսությունը կարող է հասցեագրել բոլոր խնդիրները, ձեռքբերումները և անելիքները, որոնք մենք պիտի իրականացնենք մեր ջանքերի շնորհիվ։ Քննարկմանը հրավիրված են այնպիսի մարդիկ, որոնք սույն թեմայի շուրջ աշխատանքներ են իրականացնում և լիազոր են՝ ներկայացնելու բոլոր այն գործընթացները, որոնք ընթանում են։ Երբեմն, երբ այս թեմաների մասին քիչ ենք խոսում, տպավորություն է ստեղծվում, որ խնդիրների մասին քաղաքականություն իրականացնողները տեղեկացված չեն, ուստի այսօրվա քննարկման նպատակն է նաև խոսել բաց, խոսել խնդիրների և ակնկալիքների մասին»,-նշեց Լեյլա Աֆրիկյանը։

Պանելային քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նա, անդրադառնալով Հայաստանում նախընտրական ծախսերի վերահսկման մեխանիզմներին և գործող գործիքների առավելություններին ու սահմանափակումներին, նշեց, որ ընտրությունների քարոզարշավի զուտ ֆինանսավորման վերահսկողության շրջանակներում ներկայում գոյություն ունեցող թվային գործիքները շատ քիչ են։ 

«Եթե գրանցման և մյուս գործընթացները մեզ մոտ թվայնացված են, ապա կոնկրետ քարոզարշավի ֆինանսական վերահսկողության թվային գործիքն այսօրվա դրությամբ սահմանափակվում է զուտ հատուկ էլեկտրոնային ձևաթղթի տեսքով, որը գրանցված կուսակցությունները կամ թեկնածուները հնարավորություն ունեն ներբեռնել ԿԸՀ-ի կայքից։  Ֆինանսական վերահսկողության համար այս պահին կոնկրետ գործիք չկա, բայց մեր ծրագրում արդեն կա նախագիծ, որի համաձայն՝ ինչպես կուսակցությունների գրանցման գործընթացն ամբողջությամբ ունի թվային գործիքներ, այնպես էլ կուսակցությունների կողմից իրականացվող ծախսերը և այլ միջոցները հայտարարագրվեն և ներկայացվեն հաշվետվությունների տեսքով»,-նշեց Հովակիմյանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2026 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն այդ գործիքը ևս կստանա կիրառելի կարգավիճակ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն, անդրադառնալով քննարկման կարևորությանն ու նպատակներին, կարծիք հայտնեց, որ նմանատիպ քննարկումները խիստ կարևոր են, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսլականն ու ռազմավարությունն, ընդհանուր առմամբ, կառուցված են հենց թվայնացման շուրջ։ 

«Մենք բազմիցս հայտարարել ենք և արդեն բավականին գործուն քայլեր ենք իրականացրել մեր բոլոր գործառույթները թվայնացնելու համար։ Դրա վերջնանպատակն արդեն վերլուծական թվային գործիք ունենալն է, որպեսզի հսկայական քանակությամբ ինֆորմացիայից, որը մենք հավաքագրում ենք հայտարարագրերի, կուսակցությունների հաշվետվությունների տեսքով և այլն, մեր համակարգն ավտոմատ ռեժիմով, ալգորիթմերի, ինչպես նաև արհեստական բանականության և այլ գործիքների միջոցով կարողանա վերլուծել և դուրս բերել ամենառիսկային դեպքերը, հայտարարագրերը և հաշվետվությունները»,-հայտնեց Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ հանձնաժողովի ռեսուրսներով հնարավոր չէ վերլուծել տարվա ընթացքում ստացվող 14 հազար հայտարարագրերը, և այդ գործիքները հնարավորություն կտան խորապես ուսումնասիրել այդ ֆինանսական հոսքերը։ 

«Եթե անկեղծ լինենք, ապա կարող ենք ասել, որ մինչև այս պահը թափանցիկությունը մասամբ է ապահովված եղել, որովհետև հաշվետվությունները ներկայացվել են exсel ձևաչափով, հրապարակվել են azdarar.am կայքում և ամբողջական հասցե չի եղել, որպեսզի մարդիկ մտնեն և կարողանան տեսնել, օրինակ, կուսակցությունների հաշվետվությունները։ Սակայն հունիսի 1-ից մենք կունենանք հրապարակային ռեեստրը, որովհետև հունվարի 1-ից բոլոր հաշվետվությունները թվային տարբերակով ներմուծվում են մեր համակարգ։ Այնպես որ, հետաքրքրված և շահագրգիռ կողմերը կկարողանան ներբեռնել ամբողջական տեղեկատվությունը և ցանկության դեպքում նաև հետաքննել»,-եզրափակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում