«Նոր գիրք»-17/25. Մուրակամի, Բերրոուզ, Աբրահամյան, Մելիքյան,
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Հարուկի Մուրակամի, «Գիշերաժամ»
Գիշերաժամին քաղաքը գործում Է իր օրենքներով: Գիշերվա ժամանակը սեփական ընթացքն ունի: Մթին մարդիկ հանում են դիմակները, բացահայտում իրենց էությունը, հոգեմաշ խնդիրներն ու տագնապները: Զսպված հույզերը դուրս են հորդում անսպասելի ձևերով: Իրերն ու երևույթները երևում են ուրիշ տեսանկյունից՝ ուրիշ լույսի տակ, ծնելով մարդկային ազնիվ զգացմունքներ՝ ապրումակցում և կարեկցանք...
Չապրած կյանք, խլված մանկություն, հենց մանկուց եկող տրավմաներ ու բարդույթներ, քնելու և չարթնանալու ցանկություն... Բայց գիշերվան հաջորդում Է առավոտը, խավարին՝ լույսը: Կյանքը վերստին մտնում Է իր բնականոն հունը: Եվ այս ամենը պարուրված է Մուրակամիի գործերին բնորոշ առեղծվածի մթնոլորտով ու նրբաճաշակ երաժշտական զուգորդումներով:
Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Էդգար Ռայս Բերրոուզ, «Տարզան. Կապիկների որդեգիրը»
«Տարզան. Կապիկների որդեգիրը» գիրքը ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերրոուզի (1875-1950) ստեղծած Տարզանի՝ մարդ-կապիկի մասին պատմող վիպաշարի (քսաներկու պատմություններ) առաջին գիրքն է, որում պատմվում է անգլիացի մի ազնվականի որդու՝ Ջոն Գրեյսթոքի (նույն ինքը՝ Տարզանի) կյանքի պատմությունը լույս աշխարհ գալու պահից մինչև քաղաքակրթության մեջ հայտնվելը: Նա անակնկալ սիրո ազդեցության ներքո աստիճանաբար վերածվում է իսկական ջենթլմենի:
Արձակագիրը միաժամանակ հմտորեն ներկայացնում է նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ քաղաքական իրավիճակը: Նա բավական ուշագրավ ու մանրամասն պատկերել է աֆրիկյան ջունգլիների տարօրինակ ու յուրօրինակ կյանքը, ներկայացրել մարդանման կապիկներին բնորոշ սովորությունները, զգացմունքային աշխարհն ու վայրենիների նիստուկացը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փասատավավերագրական գրականություն
Էդուարդ Աբրահամյան, Գևորգ Մելիքյան, «Համապարփակ անվտանգություն»
Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։ ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը