Հայաստան

2-ամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում, ընտանիքը ծանր հոգեվիճակում է. ՆԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

2-ամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում, ընտանիքը ծանր հոգեվիճակում է. ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված: 

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը ծանր հոգեվիճակում է, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը: 

Խոսնակն ընդգծեց՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը  զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով: 

«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև՝ ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակեց նա: 

Մայիսի 4-ին ժամը 11:52-ին ՆԳ նախարարությունում ահազանգ էր ստացվել Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու մասին: Նույն պահից մեկնարկել են որոնողական աշխատանքները, սակայն մինչ օրս որևէ արդյունք չի գրանցվել: 

Ոստիկանության ծառայողներն ու փրկարարները ստուգել ու շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները:

Մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում