ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է  նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էպիլեպսիայի դեսպան» նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, եռօրյա այցի շրջանակում պրոֆեսոր Վիջեվանոն ծանոթացել է մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցել է կլինիկական բարդ դեպքերի քննարկմանը և իրականացրել խորհրդատվություններ բուժառուների համար։

«Զինվորի տանը» կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պրոֆեսոր Վիջեվանոյին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու և իր արժեքավոր մասնագիտական փորձով կիսվելու համար։

Իր հերթին պրոֆեսոր Վիջեվանոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար։ Նա նշել է, որ այցի ընթացքում ունեցել է հանդիպումներ հայ մասնագետների հետ և բարձր է գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Պրոֆեսորը շեշտել է, որ ակտիվորեն ներգրավված է կրթական գործունեության մեջ և պատրաստ է աջակցել հայ երիտասարդներին՝ ուսման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով Հռոմում։

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում հույս է հայտնել, որ ապագայում ևս հայկական կողմը հնարավորություն կունենա կրկին հյուրընկալելու անվանի պրոֆեսորին։

Զրույցի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտի արդիականացմանը, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև ոլորտի կազմակերպական մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում