Հայաստանը 3 նոր հայտ է պատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական հուշարձաններ ընդգրկելու համար
4 րոպեի ընթերցում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի նոր հուշարձանների ընդգրկման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի Արագածոտնի մարզի Տիրին կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտ ընդգրկելու համար հայտ ներկայացվել էր, այժմ ևս 3 հայտ է պատրաստվել։
«Այս տարի մեր կողմից երեք նոր հայտ է պատրաստվել, որով աշխատանքներ են տարվում որոշ հուշարձաններ ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մեկ հայտը վերաբերում է Գառնիի տաճարին՝ հուշարձանախմբին և քարերի սիմֆոնիային։ Հաջորդ հայտն առնչվում է Երևանի ուրարտական ժառանգությանը, առանցքում են Էրեբունին, Կարմիր բլուրը և Երևանի ուրարտական դամբարանը»,-ասաց Հարություն Վանյանը։
Երրորդ հայտի մասին ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը կիրազեկի ավելի ուշ՝ հանդես գալով հայտարարությամբ։ Ընթացակարգը հետևյալն է, հայտերով ներկայացված հուշարձանները սկզբում ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որոշ ժամանակ անց՝ հիմնական ցանկում։ Մինչ հիմնական ցանկում ընդգրկվելը աշխատանքներ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։ Հնարավոր է նաև նրանց այցելություններ Հայաստան։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվանից մեկնարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառված հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության թարմացումը։
«Այս տարիների ընթացքում պահանջները, չափանիշները փոխվել են և կարիքը կար վերստին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառված հայկական հուշարձանների մասին տեղեկությունն ընդարձակ ներկայացնելու։ Այս պահին այդ աշխատանքներն են ինտենսիվ կերպով ընթանում, շուտով կունենանք արդյունքները։ Ակտիվորեն աշխատում ենք միջազգային հարթակներում հայկական ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար»,-ասաց Խաչիկ Հարությունյանը։
Շարունակելով միջազգային համագործակցության թեման՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ 2024 թվականին ունեցել ենք քառակողմ պայմանագիր նոր արշավախումբ ձևավորելու և Արգիշտիխինիլի հնավայրում պեղումներ իրականացնելու համար։
«Աշխատանքներում ներգրավված են եղել մեր ծառայությունը, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Սարդարապատ հուշահամալիրը, Լեհաստանի հնագիտության և միջերկրածովյան ինստիտուտը։ 2025 թվականին ևս ունենք ձևավորված միջազգային արշավախումբ։ Իրականացնելու ենք պեղումներ Զվարթնոց պատմամշակութային արգելոցի տարածքում։ Ներգրավված է մեր ծառայությունը, Համբուրգի հնագիտության ինստիտուտը, Լեհաստանի հնագիտության և միջերկրածովյան ինստիտուտը»,-հավելեց Արմեն Հովհաննիսյանը։