Սերբիան ԵՄ-ին անդամակցելը դիտարկում է որպես ռազմավարական նպատակ
1 րոպեի ընթերցում

Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը մնում է Բալկանյան հանրապետության ռազմավարական նպատակը։ Բելգրադը պատրաստ է նպաստել Եվրոպայի բարգավաճմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մարկո Ջուրիչը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հանդիպմանը։
«Հանդիպմանը Ջուրիչը նշել է, որ երկիրը հաստատակամորեն հավատարիմ է իր եվրոպական ուղուն և ձգտում է նպաստել Եվրոպայի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը որպես վստահելի գործընկեր»,- ասվում է Սերբիայի կառավարության տարածած հայտարարության մեջ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ն կճանաչի և դրական կգնահատի Սերբիայի ջանքերը։
Ջուրիչն ընդգծել է, որ տարածաշրջանում Սերբիայի հիմնական շահերն են կայունության պահպանումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։
Ներկայումս ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։