Եգիպտոսն ու Իսրայելը նոր առաջարկներ են փոխանակել Գազայի վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

Եգիպտոսն ու Իսրայելը նոր առաջարկներ են փոխանակել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։
Հրապարակված զեկույցում պարզաբանվել է, որ առաջարկները նպատակ ունեն վերացնել Գազայի հատվածում Եգիպտոսի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի առաջարկների միջև առկա անջրպետը:
Եգիպտական առաջարկը, որը հրապարակվել էր այս շաբաթվա սկզբին, կոչ է անում ազատ արձակել ութ ողջ մնացած իսրայելցի պատանդների և հանձնել ևս ութ պատանդների դիերը մի քանի հարյուր պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված 150 բանտարկյալների ազատ արձակման դիմաց:
Maan գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի ներկայացրած նախագիծն, ամենայն հավանականությամբ, իսրայելական կողմի համար ընդունելի կլինի «թե՛ փոխանակվող պատանդների, թե՛ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձաման մասով»։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ շուտով, հնարավոր է, համաձայնություն ձեռք բերվի Գազայում:
Asharq Al-Awsat թերթը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները երաշխիքներ են պահանջել պատանդների հանձնումից հետո Իսրայելի կողմից հրադադարի հաստատման վերաբերյալ: Սահմանվել է բանաձև, որով ութ պատանդները միանգամից չեն հանձնվելու, այլ մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր ազատ կարձակվի մեկական պատանդ մինչև համաձայնեցված թվին հասնելը։ Իսրայելը պետք է դադարեցնի ռմբակոծությունները և թույլ տա օգնություն տրամադրել Գազային առաջին իսկ պատանդների վերադարձից հետո։ Միաժամանակ պետք է վերսկսվեն բանակցությունները սկզբնական հրադադարի համաձայնեցված փուլերը կյանքի կոչելու համար։
Ծրագրի իրականացումը կտևի 50-ից 70 օր։
Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող թիրախներին լայնածավալ հարվածներ հասցնելու մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»: