Հիդրոօդերևութաբանները պարզաբանել են Հայաստանում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը
1 րոպեի ընթերցում

ՀՀ շրջանների մեծ մասում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը Իրաքի անապատներից դեպի Հայաստան տեղափոխված փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդն էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
«Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:
Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:
Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: