ՌԴ-ն և Ուկրաինան գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել միմյանց. կան վիրավորներ
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը և նախորդող երեկոյան երկրի տասը տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ռուսական ուժերը որսացել և ոչնչացրել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար 67 և 29։
Բացի այս երկու շրջաններից, ԱԹՍ-ներ են խոցվել Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Սարատովի և Օռլովի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում։
Ժամանակավորապես փակվել են Վլադիկավկազի (Հյուսիսային Օսիա) և Գրոզնիի (Չեչնյա) օդանավակայանները։
Դոնի Ռոստովի արվարձաններից մեկում ընկած, բայց չպայթած ուկրաինական ԱԹՍ-ի պատճառով տարհանել են բազմաբնակարան շենքի բնակիչներին։ Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տուժածներ չկան, կոնստրուկցիաները չեն վնասվել, սակայն շենքի 48 բնակիչներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով։
Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի գիշերվա գրոհի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում մեկ կին է վիրավորվել։
Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին հայտնել են ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին։ Հարվածների են ենթարկվել Դնեպրի, Խարկովի, Սումիի, Խերսոնի մարզերը, ինչպես նաև այլ շրջաններ։
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վիրավորվել է 14 մարդ. հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր։ Կոտրվել է առնվազն 200 ապակի։
Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։