Ճապոնիան ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել Մոսկվայի հետ
2 րոպեի ընթերցում

Տոկիոն ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել Մոսկվայի հետ և կարգավորել երկրների միջև տարածքային վեճը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության՝ «Կապույտ գիրք դիվանագիտության մասին» ամենամյա զեկույցում:
«Կառավարությունը հետագայում ևս հավատարիմ կմնա կղզիների վերադարձի և հաշտության համաձայնագիր կնքելու ուղեգծին», - նշվում է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Ճապոնիայի իշխանությունները նաև ցանկանում են վերսկսել ճապոնացիների՝ Հարավային Կուրիլյան կղզիներ ուղևորությունների պրակտիկան։
Դրա հետ մեկտեղ Տոկիոն նշում է ՌԴ-ի ռազմական ներուժի ավելացումը Հարավային Կուրիլյան կղզիների շրջանում, այնտեղ զորավարժությունների անցկացումը։ Ճապոնիայի ԱԳՆ-ն նշել է, որ նման քայլերը հակասում են Տոկիոյի դիրքորոշմանը, և Ճապոնիայի կառավարությունը բողոքում է դրանց դեմ։
Զեկույցում նաև հիշատակվում է G7-ի հետ Ճապոնիայի համագործակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Տոկիոն դրա հետ մեկտեղ ցանկանում է փուլ առ փուլ ազատվել ՌԴ-ից էներգետիկ կախվածությունից, ներառյալ նավթի և ածուխի մատակարարումներից։
«Սակայն Ռուսաստանի «Սախալին-1» և «Սախալին-2» նավթագազային նախագծերը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հուսալի մատակարարումներ ապահովելու տեսակետից Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար կարևոր նախագծեր են. մասնակցությունը դրանց կպահպանվի», - պարզաբանվում է փաստաթղթում։
Ճապոնիան հավակնում է Կուրիլյան շղթայի հարավային չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առևտրի և սահմանների մասին տրակտատը: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածից վեր է: