ՀՀ նախագահ

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր. ՀՀ նախագահի շնորհավորանքն ապրիլի 7-ի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր. ՀՀ նախագահի շնորհավորանքն ապրիլի 7-ի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի կապակցությամբ; «Արմենպրես»-ը ՀՀ նախագահի շնորհավորանքն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. 

«Սիրելի՛ կանայք,
Սիրելի մայրեր,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս օրը խորը խորհուրդ ունի, այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։

Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։

Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։

Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»;

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում