Միացյալ Նահանգներ

Թրամփը կցանկանար Օբամայի հետ մրցակցել նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Թրամփը կցանկանար Օբամայի հետ մրցակցել նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ուսումնասիրել երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, սակայն չէր հրաժարվի ընտրություններում մրցակցել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

«Այժմ մարդիկ ինձ խնդրում են առաջադրել թեկնածությունս…. Նրանք ասում են, որ կա մի տարբերակ, որով դուք կարող եք դա անել, բայց ես չգիտեմ դրա մասին, չեմ ուսումնասիրել այդ հարցը», - ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ինքը «երջանիկ կլիներ», եթե դեմոկրատները նախագահական ընտրություններում առաջադրեին նախկին նախագահ Օբամային. «դա վատ չէր լինի»:

Ավելի վաղ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով պետության ղեկավարի հաջորդ նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին, հայտարարել էր, որ սիրում է իր աշխատանքը, սակայն առայժմ կենտրոնացած է ընթացիկ գործերի վրա։ Նա ընդգծել էր, որ «չափազանց վաղ է մտածել» երրորդ ժամկետով առաջադրվելու մասին, սակայն «շատ մարդիկ ցանկանում են, որ ես դա անեմ»:

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումն արգելում է նույն անձին երկու անգամից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Թրամփի ներկայիս ժամկետը երկրորդն է։

Միակ նախագահը, որը պաշտոնավարել է երկու ժամկետից ավելի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտն էր: Սահմանադրության 22-րդ ուղղումը վավերացվել է 1951 թվականին՝ Ռուզվելտի մահից հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում