Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի էլիտար զորամասերից մեկի հրամանատարի ոչնչացման մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման «Ալ Հաջի Ռադվանի ուժեր» էլիտար ստորաբաժանման գումարտակներից մեկի հրամանատար Ահմադ Ադնան Բաջիղիին վերացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:
«Պատերազմի ժամանակ այս ահաբեկիչը հրամաններ է տվել բազմաթիվ գրոհներ իրականացնել խաղաղ բնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ: Վերջին ամիսներին նա շարունակել է ղեկավարել ահաբեկչական գրոհները Իսրայելի թիկունքի հրամանատարական ուժերի դեմ և սպառնալիք է ներկայացրել Իսրայել պետության ու նրա քաղաքացիների համար», - ասվում է զինվորականների հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հրամանատարին ոչնչացրել են Դերդգայա շրջանում, անօդաչու թռչող սարքի միջոցով։
2024 թ. նոյեմբերին իսրայելցի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը դադարեցրել են մարտական գործողությունները՝ կնքելով հրադադարի համաձայնագիր, որով ԻՊԲ-ն փուլ առ փուլ դուրս կգա Լիբանանի տարածքից և իր դիրքերը երկրի հարավում կհանձնի լիբանանցի զինվորականներին։ Սակայն չնայած դրան, կողմերը պարբերաբար հայտնում են միմյանց հասցրած հարվածների մասին: