Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պաշտոնյաների չաթում ներառված լրագրողը հրապարակել է Եմենին հարվածների մասին հաղորդագրություններն ամբողջությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտոնյաների չաթում ներառված լրագրողը հրապարակել է Եմենին հարվածների մասին հաղորդագրություններն ամբողջությամբ

The Atlantic ամսագիրը, որի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահմամբ ավելացվել էր Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների չաթում, հրապարակել է հաղորդագրությունների ամբողջական փոխանակումը Եմենին ամերիկյան հարվածների վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Պարբերականն ի սկզբանե չէր հրապարակել խմբային չաթում տեղի ունեցած զրույցի ամբողջական մանրամասները՝ ասելով, որ չի ցանկանում գաղտնի տեղեկատվություն հրապարակել։ Սակայն Գոլդբերգը հայտարարել է, որ Սպիտակ տան մեղադրանքները, թե ինքը ստում է, դրդել են իրեն այժմ հրապարակել զրույցի ամբողջ բովանդակությունը։

Նոր հրապարակված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չաթում իրական ժամանակում նկարագրում է Եմենի վրա ԱՄՆ հարվածները, մանրամասներ է տրամադրում հարվածների հստակ ժամանակացույցի մասին։

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն արձագանքել է՝ Գոլդբերգին անվանելով «Թրամփին ատող», և կրկին ասել է, որ հաղորդագրությունները գաղտնի տեղեկություններ չեն պարունակում։

Ավելի վաղ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ նույնպես հերքել էին, որ չաթում գաղտնի տեղեկատվություն է եղել: 

Մարտի 24-ին The Atlantic-ի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ պատահաբար հայտնվել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում