Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման իններորդ օրը զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մայրը և նրա հինգ երեխաները, գրանցվել են մի քանի վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Իսրայելական ուղղաթիռը գնդակոծել է Գազայի հատվածի Շուջայա թաղամասի, ինչպես նաև Զեյթուն թաղամասի շրջանները:

Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է առաջին անհրաժեշտության դեղորայքի խիստ պակասի մասին՝ նշելով, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են առողջապահության ոլորտի մեծ մասը, ինչի հետևանքով շատ մարդիկ են մահանում դեղորայքի բացակայության պատճառով:

Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ՝ ավերելով ու այրելով բնակելի տները, քանդելով խանութները և իրականացնելով համատարած ձերբակալություններ: 

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա չհիմնավորված են և անհանդուրժելի՝ ավելացնելով, որ գործողությունները չեն կարող արդարացվել որպես ինքնապաշտպանություն և պետք է դադարեցվեն։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 792 պաղեստինցի է զոհվել, ևս 1663-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում