Հայաստան

Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը

2 րոպեի ընթերցում

Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը Հալեպի Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի համալիրում Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալին պաշտոնապես հանձնել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել նաև Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը և Հալեպի նահանգապետարանի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ղասսան Ֆարուհը։

Օժանդակությունը, որը ներառում է սնունդ և դեղորայք, պետք է բաժանվի Հալեպում և Դամասկոսում։

Այս առիթով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը նշել է․ «Պատմականորեն սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական կապեր են ունեցել և փոխադարձ աջակցություն են տրամադրել։ Հուսով եմ, որ սիրիացի ժողովուրդը շուտով հաղթահարի այս մարտահրավերները, և Սիրիան կրկին կդառնա բարգավաճ երկիր»։

Իր հերթին, Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալն իր շնորհակալությունն ու երախագիտությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և կառավարությանը տրամադրված մարդասիրական օգնության համար՝ ավելացնելով, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերություններն ամուր պատմական կապեր ունեն։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար: 

Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել թուրքական կողմին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում