Եվրոպա

Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների պատվիրակության առաջիկա այցը Գրենլանդիա ցույց է տալիս հարգանքի բացակայությունը կղզու բնակիչների նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Գրենլանդիայի խորհրդարանում ամենամեծ թվով մանդատ ստացած Demokraatit («Դեմոկրատներ») կուսակցության նախագահ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։

«Այն փաստը, որ ամերիկացիները շատ լավ գիտեն, որ մենք բանակցությունների փուլում ենք և դեռ չենք ավարտել մունիցիպալ ընտրությունները, սակայն, միևնույն է, օգտագործում են Գրենլանդիա գալու հնարավորությունը, հերթական անգամ ցույց է տալիս անհարգալից վերաբերմունքը Գրենլանդիայի բնակչության նկատմամբ», - մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Sermitsiaq պարբերականը։

Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կին Ուշա Վենսը, Գրենլանդիա կայցելի մարտի 27-29-ը։ 

Գրենլանդիայի կառավարության հեռացող նախագահ Մյութե Էգեդեն այդ այցն անվանել է «բացահայտ սադրանք»՝ մատնանշելով պատվիրակության կազմում նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ներկայությունը։ 

«Այժմ մենք գտնվում ենք այն մակարդակում, երբ դա ոչ մի կերպ չի կարելի անվանել քաղաքական գործչի կնոջ անվնաս այց: Ո՞րն է անվտանգության խորհրդականի նպատակը Գրենլանդիայում: Միակ նպատակն է իր ուժի ցուցադրությունը մեզ», - մեկնաբանել է նա:

Գրենլանդական հրատարակության համար գրավոր մեկնաբանության մեջ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ առաջիկա այցին վերաբերվում է ամբողջ լրջությամբ, և ընդգծել է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու՝ Դանիայի ցանկությունը։ 

«Բայց դա պետք է լինի համագործակցություն՝ հիմնված ինքնիշխանության և երկրների ու մարդկանց միջև  հարգանքի հիմնարար արժեքների վրա», - գրել է կառավարության ղեկավարը։ Նա նաև կրկնել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տեղի կունենա Դանիայի կառավարության և Գրենլանդիայի նոր կառավարության միջև սերտ համագործակցությամբ։

Մարտի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանություն կտար Գրենլանդիայի բնակչության որոշմանը Դանիայի այդ ինքնավար տարածքն ԱՄՆ-ի կազմ մտնելու վերաբերյալ։ ԱՄՆ ղեկավարը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի դեմ, եթե նա չհրաժարվի կղզուց։ Դեռևս իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ է Թրամփն առաջարկել գնել Գրենլանդիան։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը:

Եվրոպա

Գրենլանդիան զբոսաշրջության զգալի աճ է գրանցել Թրամփի կողմից ուշադրության արժանանալու շնորհիվ

Հայերեն Русский

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում