ԵՄ-ն դատապարտել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը
2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը դատապարտել է ինչպես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների ձերբակալությունները՝ կասկած հայտնելով ժողովրդավարությունը պահպանելու՝ Թուրքիայի իշխանությունների հանձնառության առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան համատեղ հայտարարություն են տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։
«Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի այսօրվա (խմբ.՝ մարտի 19-ի) կալանավորումը և տարեսկզբից ընտրված պաշտոնյաների, քաղաքական ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների, լրագրողների և այլոց ձերբակալություններն ու նրանց մեղադրանքները հարցեր են առաջացնում Թուրքիայի կողմից իր վաղուց հաստատված ժողովրդավարական ավանդույթը պահպանելու վերաբերյալ։ ԵՄ-ն հորդորում է Թուրքիայի իշխանություններին ապահովել լիարժեք թափանցիկություն և հետևել պատշաճ ընթացակարգին: Որպես ԵՄ թեկնածու երկիր և Եվրոպայի խորհրդի երկար տարիների անդամ, ակնկալվում է, որ Թուրքիան կկիրառի ամենաբարձր ժողովրդավարական չափանիշներն ու գործելակերպը», - նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության հարգումը «էական նշանակություն ունեն ԵՄ անդամակցության գործընթացի համար» և կշարունակեն մնալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մասը։
Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում մարտի 19-ին որոշել է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության և Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում և երկրի տարբեր շրջաններում։ Գրանցվել են նաև ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման դեպքեր։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։