Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունը կենսական է սահմանազատման գործընթացում Բաքվի հետագա էսկալացիան կանխելու գործում. Ջոն Ինյարիտու

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։  

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ներկայիս օկուպացիան՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը կենսական նշանակություն ունի սահմանազատման գործընթացում հետագա էսկալացիան կանխելու և դիվանագիտությունն առաջ մղելու համար»,-նկատել է պատգամավորը: 

Խոսելով Հայաստանի և Հարավային Կովկասի համար բուն որոշման կարևորության մասին՝ Ինյարիտուն կարծիք է հայտնել, որ այդ որոշումը նշանակալի քայլ է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ։

«Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ խորհրդի վերջին որոշումը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Առաքելությունը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման, միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանության ապահովման ու երկու ժողովուրդների միջև խաղաղ երկխոսությանը նպաստելու գործում»,-ընդգծել է պատգամավորը: 

Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը նաև խթանում է Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովումը։ 

«Այս որոշումն արտացոլում է ԵՄ հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու, օրենքի գերակայության պահպանման և կայունության զարգացմանն ուղղված նրա ջանքերում: Ավելին, այն համընկնում է Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովման ԵՄ-ի ավելի լայն ռազմավարական նպատակների հետ»,-նշել է պատգամավորը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան