Շատ ծանր տպավորություն են թողել գերիների դատավարության լուսանկարները. ԱԽ քարտուղար
1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է բոլոր հնարավոր ջանքերը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավարությունից հրապարակված լուսանկարներին։
«Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության լուսանկարները։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամբողջ ընթացքում օգտագործել է բոլոր գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել։ Լուծումն այն է, որպեսզի բոլոր 23 հաստատված գերիները ազատվեն և վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հրապարակային այդ ջանքերի մասին դժվար է խոսել, քանի որ հարցը շատ նուրբ է։
«Մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը, մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված լուսանկարները, որտեղ մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին։ Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել։ Եվ մեր աշխատանքները նախկին ռիթմով չեն, փոփոխություններ կան»,- եզրափակեց Գրիգորյանը։