«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու կոշիկից թմրամիջոցին նմանվող զանգված է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ՀՀ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները կանխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոց ներմուծելու փորձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԾ հանրային կապերի բաժինը։
Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ծառայողները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Հ. Հ.-ին։

Քաղաքացու սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է 1.38 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգված։
Հ. Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված պահանջները։