Հայաստան

Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի հաստատման առաջարկին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակում և ուղղված է անդրսահմանային համագործակցության խթանմանը Սևծովյան ավազանի երկրների միջև։ Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։

Ընդհանուր բյուջեն կազմում է 72,2 մլն եվրո, որից ԵՄ-ի դրամաշնորհային ֆինանսավորումը 65 մլն եվրո է։ Մասնակից երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա։ 

Հայաստանի մասնակցությունը կիրականացվի բնաիրային հատկացումների ձևաչափով, ինչը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ պետության համար։

Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն տարածաշրջանային զարգացման, բնապահպանական, էներգետիկայի և գիտատեխնոլոգիական ոլորտների նախագծեր։ 

Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններն են՝ հետազոտական և նորարարական տեխնոլոգիաների զարգացում, կլիմայի փոփոխության դեմ պայքար և էկոհամակարգի պահպանում, բնության և կենսաբազմազանության պաշտպանություն, կանաչ էներգիայի և վերականգնվող աղբյուրների խթանում, աղետների ռիսկերի նվազեցում և կառավարման մեխանիզմների ներդրում։ 

Ծրագրի շահառու կարող են լինել պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները, մշակութային և գիտական ոլորտում գործող կազմակերպությունները։ 

Հայաստանը «Սևծովյան ավազանի» ծրագրին մասնակցում է 2007 թվականից, իսկ մինչ օրս արդեն իրականացվել է 38 նախագիծ։ Կառավարությունը վստահ է, որ այս նոր փուլը կխթանի տարածաշրջանային կայուն զարգացմանն ու միջազգային գործընկերությունների ամրապնդմանը։

Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորություններ և համահունչ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում