Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

9 րոպեի ընթերցում

Երևանում հանդիսավորությամբ նշվեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ազգային տոնը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ իրանական կողմն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին և ազգային տոնին նվիրված միջոցառման համընկնումն Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի հետ բարեբախտության նշան է համարում: 

Դեսպանի բնորոշմամբ՝ քառասունվեց տարի առաջ, այս օրերին, Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ 20-րդ դարի ամենաժողովրդական հեղափոխություններից մեկը հաջողությամբ պսակվեց, և Իրանի ժողովուրդը կարողացավ հաղթել արտաքին գաղութատիրությանը, ներքին բռնակալությանը, միանձնյա իշխանությանը և հաստատեց ժողովրդական ու արտաքին միջամտությունից անկախ համակարգ:

«Անցած չորս տասնամյակների ընթացքում, չնայած այլոց կողմից մեր ժողովրդի համար ստեղծված մարտահրավերներին, Իրանի մարդկային զարգացման ինդեքսը շարունակաբար աճել է, և Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ժողովրդի ջանքերի, տոկունության և վճռականության ներքո բազմաթիվ նվաճումներ է արձանագրել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը և բուժօգնությունը, կրթությունը և գրագիտությունը, գիտությունը և տեխնոլոգիան, մարդու իրավունքները, անվտանգությունն ու պաշտպանությունը: Որոշ ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիան, բիոտեխնոլոգիան և քաղցկեղի ու նյարդային համակարգի հիվանդությունների բուժման համար նախատեսված բժշկական իզոտոպների արտադրությունը, Իրանը դասվում է աշխարհի առաջատար երկրների շարքին և շուրջ 10000 գիտալիքահեն ընկերություններով բարելավել է իր համաշխարհային վարկանիշը գիտության և տեխնոլոգիաների բազմաթիվ ոլորտներում»,- նշեց Սոբհանին:

Դեսպանը հավելեց, որ Իրանն իր արտաքին քաղաքականության ոլորտում, հաստատելով հավասարակշռված քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ բոլոր ազգերի հետ, ձգտում է լարվածության թուլացման, կոլեկտիվ անվտանգության և դիվանագիտական ճանապարհով տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման։ Իրանը խորացրել է իր բարիդրացիական քաղաքականությունը և ընդլայնել հարաբերությունները հարևանների հետ։ Ակտիվ, դինամիկ և արդյունավետ արտաքին քաղաքականության լույսի ներքո Իրանն ընդլայնել է իր բազմակողմ փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի կազմակերպության, ԵԱՏՄ-ի, Իսլամական ութնյակի և Եվրասիական միության հետ, որովհետև ձգտում է ունենալ բոլորի համար ուժեղ և զարգացած տարածաշրջան:

«Ուրախալի է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կարող ենք ներկայացնել որպես երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել։ Հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև մշակութային և քաղաքակրթական փոխազդեցությունների երկարամյա պատմության վրա: Այս երկար ճանապարհի ընթացքում մենք միշտ եղել ենք անբաժան հարևաններ՝ աջակցելով և կիսելով միմյանց վիշտն ու ուրախությունը: Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մեր հարաբերությունների աճի միտումին, իսկ անցյալ տարի երկկողմ հարաբերություններում արձանագրել ենք հիացմունքի արժանի արդյունք»,- նշեց դիվանագետը։

Սոբհանին հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած երկու այցերը, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահի այցը, և իրանցի ու հայ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը երկկողմ հարաբերությունների վերընթաց միտումի վառ վկայությունն են։ Նա գոհունակությամբ նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունն արժանացել է տվյալ կառույցի դիտորդ անդամի պատվին, և այն անհրաժեշտ հարթակ է ստեղծել այդ միության հետ հետագա համագործակցությունը զարգացնելու համար։

«Մեզ հաջողվեց անցյալ տարի մեկնարկել Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման շատ կարևոր և ռազմավարական նշանակության ծրագիրը, որը Հյուսիս-Հարավ միջանցքի առաջին հատվածն է։ Եվ այս նախագծի շինարարությունը լավ առաջընթաց է արձանագրել։ Անցյալ տարի գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ռազմավարական պայմանագրի երկարաձգումը մեզ թույլ տվեց ավելի մեծ ծավալի գազ արտահանել Հայաստան։ Մենք ջանքեր կգործադրենք այս տարի ավարտին հասցնել դեպի Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կարևոր նախագծի աշխատանքները և այն շահագործման հանձնել։ Մենք ամեն օր ձգտում ենք մի քայլ առաջ կատարել, և սա է Իրան-Հայաստան հարաբերություններին ներհատուկ բնույթը»,- տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Նրա հավաստմամբ՝ Իրանը մշտապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջազգային սահմանների անփոփոխության և Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու իր դիրքորշմանը և ընդգծում է այդ դիրքորոշումը։ Դեսպանի պնդմամբ՝ նարատիվների, կասկածի, անհեթեթ աժիոտաժի մթնոլորտի և սպառնալիքների ստեղծումը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի և Հայաստանի միջև ամուր և վաղեմի հարաբերությունների վրա։

«Մենք նոր տարին ամուր կերպով մեկնարկել ենք իրանական և հայկական կարևոր պատվիրակությունների փոխանակմամբ, և կշարունակենք որդեգրած այս ուղին: Մենք վճռական ենք երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը լավագույնս օգտագործելու՝ ի նպաստ երկու երկրների և երկու ժողովուրդների փոխադարձ շահի, և պատրաստ ենք յուրաքանչյուր ոլորտում բազմազանություն ու դինամիկա հաղորդել հարաբերություններին: Մենք մեծ հույսեր ենք կապում մեր հարաբերությունների ապագայի հետ: Իրան-Հայաստան հարաբերությունները ընթանում են դեպի լուսավոր հորիզոններ, և ոչ մի ուժ չի կարող այն իր հունից շեղել»,- եզրափակեց Սոբհանին։ 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ավելի քան երեսուն տարի ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ։ 

«Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը։ Հայաստանի ու Իրանի միջև առկա բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները վստահաբար փաստում են, որ այդ հարաբերությունների ռազմավարական նշանակության վերաբերյալ երկու երկրներում ձևավորվել է ընդհանուր ընկալում։ Այսօր Իրանի հետ ունենք բազմաոլորտ համագործակցություն, որը մտադիր ենք հետևողականորեն ընդլայնել։ Մեր երկրների միջև առկա համապարփակ երկխոսությանը զուգահեռ՝ պետք է հատուկ ընդգծեմ տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը գոհունակությամբ շեշտեց Իրանի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ-ում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչն ուղիղ ազդեցություն է ունենում երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման վրա։ Պակաս կարևոր չեն կրթույան, գիտության, մշակույթի, զբոոսաշրջության ոլորտներում վերջին շրջանում արձանագրված նշանակալի ձեռքբերումները, որոնք արդյունավետ գործիք են երկու երկրների բարեկամությունն ամրապնդելու և մարդկանց միջև շփումներն ակտիվացնելու համար։ 

«Հայաստանի և Իրանի համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ հարթությունում արձանագրված ձեռքբերումներով։ Մեր երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար։ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք և առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը վերահստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապագայում ևս երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ։ 

 

Հայերեն فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն