ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները պետք է դիտարկել նախևառաջ գլոբալ զարգացումների համատեքստում. քաղաքագետ
9 րոպեի ընթերցում
Քաղաքական վերլուծաբան Գարիկ Քեռյանն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում անդրադարձել է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում հնարավոր զարգացումներին Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Քեռյանն ընդգծեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չպետք է համարել էքսցենտրիկ, տարօրինակ կամ երկնքից իջած անակնկալ քաղաքական գործիչ, և այն, ինչ նա իրականացնում է այժմ, մի քաղաքական գիծ է, որը սկիզբ է առել դեռևս նախագահ Ջեյմս Մոնրոյի կառավարման ժամանակներից, ով հռչակեց «Ամերիկան ամերիկացիների» համար հայեցակարգը, ինչն էլ արդյունքում կոչվեց Մոնրոյի դոկտրին։
«ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող իրողությունները ոչ թե վերջին մի քանի տարիների կամ Թրամփի իշխանության գալու հետևանք են, այլ ունեն բավականին խորը արմատներ, ավելի քան հարյուր տարվա պատմություն։ Երբ Միացյալ Նահանգներում հռչակվեց Մոնրոյի հայեցակարգը՝ Վաշինգտոնը սկսեց կենտրոնանալ իր տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի իրականացման վրա և սահմանափակվեց արևմտյան կիսագնդով, ինչն էլ ստացավ իզոլիացիոնիզմ անվանումը, այսինքն՝ մեկուսացվածության քաղաքականություն, և գերիշխեց ԱՄՆ-ում մինչև երկրորդ աշխարհամարտի վերջը։ Իզոլիացիոնիզմից բխող գործելաոճի համաձայն՝ կարիք չկար գնալ ու միջամտել տարբեր տարածաշրջանների խնդիրներին՝ վատնելով հսկայական ռեսուրսներ, ինչն, ի վերջո, ծանր էր նստելու երկրի և ժողովրդի վրա։ Այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները չվավերացրեց նույնիսկ Վերսալյան պայմանագիրը, որով դրվեց նոր աշխարհակարգի հիմքը»,- նշեց Քեռյանը։
Նրա դիտարկմամբ՝ ամեն ինչ փոխվեց երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց Վանդենբերգի բանաձևը, ըստ որի՝ անցում կատարվեց իզոլիացիոնիզմից դեպի գլոբալիզացիա։ Արդյունքում Միացյալ Նահանգներն աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներում սկսեց հետապնդել քաղաքական շահ՝ նշելով, որ գլոբալ փոփոխություններն առնչվում են նաև իրեն։ Հենց այդտեղից էլ ծնվեց ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ի էքսպանսիան Հնդկաչինում, հետագայում նաև Իրաքում, Լիբիայում, ռազմական ներկայությունը Ճապոնիայում և այլ տարածաշրջաններում։ Այսօր արդեն ամերիկյան հարյուրավոր ռազմաբազաներ կան ամբողջ աշխարհում։
«Գալով Չինաստանին՝ պետք է նշել, որ Թրամփն՝ ի տարբերություն նախորդ նախագահների, առաջին անգամ փորձում է հետ գնալ դեպի իզոլիացիոնիզմի դիրքեր, այսինքն՝ գլոբալ մասշտաբով ԱՄՆ-ի բոլոր ձեռնարկները դիտարկել առաջին հերթին ամերիկյան տնտեսական-քաղաքական շահերից։ Այդ դեպքում պարզ է դառնում, որ Վաշինգտոնը պետք է որոշակի գործողությունների դիմի համաշխարհային այն տնտեսական ուժային կենտրոնների կամ պետությունների դեմ, որոնց հետ համագործակցությունն ինքը մեկնաբանում է որպես ի վնաս Միացյալ Նահանգների տնտեսական շահերի։ Եթե Բայդենի վարչակազմը փորձում էր որոշակիորեն մանևրել Չինաստանի հետ հարաբերություններում՝ չինական ապրանքների նկատմամբ սահմանելով ցածր մաքսատուրքեր, որպեսզի պոկեր Չինաստանին Ռուսաստանից ու իրականացներ հակառուսական արշավ Եվրոպայում և այլ տեղերում, ապա Թրամփը ցուցաբերում է բոլորովին այլ դիրքորոշում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Քեռյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի նոր նախագահը փորձում է Չինաստանի հետ վարել պրագմատիկ քաղաքականություն, եթե պետք է, ապա չինական ապրանքների վրա, ինչպես Թրամփն է ասում, կսահմանվեն բարձր հարկեր, եթե պետք է, ԱՄՆ-ն իր ձեռքը կվերցնի Պանամայի ջրանցքի կառավարումը՝ այդտեղ էլ չեզոքացնելով չինական գործոնը, եթե պետք է, տարբեր տարածաշրջաններում սահմանափակումներ կդնի չինական համատեղ ընկերությունների գործունեության վրա, որովհետև այդ ամենը Միացյալ Նահանգներին կբերի հավելյալ տնտեսական դիվիդենտներ։
«Այդ տեսանկյունից ԱՄՆ-ն սկսել է վերակառուցել իր հարաբերությունները ոչ միայն Չինաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների հետ։ Առհասարակ չին-ամերիկյան հարաբերություններն անցել են բարդ ուղի։ Երբ Չինաստանում հաստատվեցին կոմունիստական բարքեր, հարաբերությունների առաջին շրջանը որակվեց որպես կոնֆրոնտացիոն։ Թեև 1970-ական թվականներին Միացյալ Նահանգները ճանաչեց Չինաստանի կոմունիստական վարչակարգը, բայցևայնպես Թայվանի խնդիրը մնացել է չին-ամերիկյան հարաբերությունների հանգուցային պրոբլեմներից մեկը, ու նաև դրանով են պայմանավորված երկկողմ հարաբերությունները»,- ասաց քաղաքագետը։
Քեռյանի բնորոշմամբ՝ երկու գերտերությունների փոխգործակցության հիսուն տոկոսը վերաբերում է տնտեսական ոլորտին՝ ընդգրկելով մաքսատուրքերի հարցը, չինական ապրանքների դեմ ուղղված մաքսային պատերազմը, տեխնոլոգիաների վրա կիրառվող սահմանափակումները, իսկ մյուս հիսուն տոկոսն առնչվում է քաղաքական ոլորտին, որի ամբողջ բովանդակությունը հանգում է Թայվանի խնդրին։ Այս պահին դժվար է ասել, թե ինչ քայլեր կձեռնարկի Թրամփը կոնկրետ Թայվանի առումով, մինչդեռ Բայդենի վարչակազմը բավականին սրեց իրավիճակը։
Քաղաքագետը հիշեցրեց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան, այնինչ նախկինում նման բարձրաստիճան որևէ պաշտոնյա երբևէ չէր մեկնել այնտեղ։ Քեռյանի կարծիքով՝ դա էր պատճառը, որ ռուս-ուկրաինական պատերազմում չինական կողմը որդեգրեց լոյալ դիրքորոշում և Ռուսաստանին ճնշելու հարցում չօժանդակեց Միացյալ Նահանգներին։
«Ներկա փուլում կան համաշխարհային ուժային հինգ կենտրոններ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը, Չինաստանը և Ճապոնիան։ Որքան էլ նրանց միջև լինեն համագործակցության տարբեր ձևաչափեր, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ԵՄ տանդեմը կամ Մեծ յոթնյակի հարթակը, միևնույնն է, նշված կենտրոններն այժմ, եթե կարելի է այդպես ասել, թևակոխել են երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան, պայքարը շարունակվում է ու ավելի սրվում։ Ընթանում է կատաղի մրցակցություն ազդեցության ոլորտների, տեխնոլոգիաների, էներգակիրներով հարուստ տարածաշրջանային երկրների վրա ներգործելու, նույնիսկ տիեզերքի համար։ Այսօր տեղին չէ խոսել վերոհիշյալ հինգ կենտրոնների միջև կոնսենսուսի մասին։ Որոշակի իրավիճակներում թեև նկատվում են համագործակցության տարրեր, բայց միևնույն ժամանակ տեղի է ունենում մրցակցության ուժեղացում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի կարծիքով՝ հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել չին-ամերիկյան հարաբերությունները, որոնք այս փուլում թեև ակնհայտորեն սրված են, սակայն վեց ամիս հետո կարող են բոլորովին այլ ընթացք ստանալ։ Եթե կողմերն, օրինակ, ապրանքների մաքսատուրքերի, տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության հարցերի կամ Թայվանի խնդրի շուրջ գան ընդհանուր հայտարարի, համագործակցությունը կարող է շատ արագ փոխել իր բնույթը։ Քեռյանի համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո կփոխվի նա Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների բնույթը։ ՌԴ-ն հիմա շատ հարցերում գնում է փոխզիջման, այլ ոչ թե կոնֆրոնտացիայի, փորձում է խուսափել Չինաստանի հետ հարաբերությունների սրացումից՝ խուսանավելով որոշ խնդիրներից։
«Պատերազմի ավարտից հետո ուժերի հարաբերակցությունը միանշանակ փոխվելու է, հիմնվելու են երկկողմ և բազմակողմ նոր հարաբերություններ։ Չի բացառվում, որ կառաջանան նաև հակասություններ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև, որոնց նախադրյալներն արդեն տեսանելի են՝ կապված Գրենլանդիայի, եվրոպական ապրանքների վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու, ՆԱՏՕ-ում անդամավճարներն ու պաշտպանական ծախսերը վերանայելու հետ։ Մենք որքան էլ փորձենք կարևորել առանձին կենտրոնների դերը, այդուհանդերձ թիվ մեկ գերտերությունը ԱՄՆ-ն է, որի ձեռքում են համաշխարհային ֆինանսական լծակները, ոսկու պաշարների 40 տոկոսից ավելին, էներգետիկ շուկաների նկատմամբ վերահսկողությունը, ուստի համաշխարհային գործընթացներում ԱՄՆ-ի քաղաքականությունը մնում է որոշիչ»,- եզրափակեց քաղաքագետը։