Հայաստան

Մայրության նպաստ ստանալու համար դիմումի անհրաժեշտություն չի լինի. գործընթացներն ավտոմատացվում են

4 րոպեի ընթերցում

Մայրության նպաստ ստանալու համար դիմումի անհրաժեշտություն չի լինի. գործընթացներն ավտոմատացվում են

Հայաստանում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման գործընթացը նախատեսվում է իրականացնել Միասնական սոցիալական ծառայության միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Գործող կարգավորումների համաձայն՝ մայրության նպաստը միայն չաշխատող անձանց դեպքում վճարում է Միասնական սոցիալական ծառայությունը: Վարձու աշխատող հանդիսացող անձի՝ թե մայրության նպաստը, թե ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակում, հաշվարկում և վճարում է գործատուն: Ընդ որում, գործատուի կողմից վճարված մայրության նպաստն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից: Իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը 6-րդ աշխատանքային օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար գործատուն պետական բյուջեի միջոցներից ստանում է փոխհատուցում: 

«Այսպիսով՝ ստացվում է, որ պետական միջոցները նպաստի տեսքով նշանակվում և վճարում են գործատուի կատարած հաշվարկներով, որն ունի որոշակի ռիսկեր»,-ասաց փոխնախարարը: 

Խաչատրյանը հավելեց. «Առաջարկում ենք ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման գործընթացն իրականացնել Միասնական սոցիալական ծառայության միջոցով: Իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը կվճարի գործատուն՝ հիմք ընդունելով հարկային մարմնի միջոցով ստացված ՄՍԾ-ի նպաստի հաշվարկը: Առաջարկվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը նույնպես հաշվարկել օրացույցային օրերով, առաջին 7 օրացույցային օրվա համար՝ գործատուի միջոցներից, իսկ մնացած ժամանակահատվածը՝ պետական բյուջեի միջոցներից»,-ասաց Խաչատրյանը:

Հաշվի առնելով բոլոր գործատուների մոտ ունեցած եկամուտը՝ ՄՍԾ-ի կողմից մայրության նպաստը հաշվարկվելու և վճարվելու է մեկ նպաստ:

«Սահմանվում է նպաստ նշանակելու նոր ընթացակարգ: Դրա համաձայն՝ ընդհանուր դեպքում անձը որևէ դիմում չի ներկայացնում: Նպաստ նշանակելու գործընթացը սկսում է էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկատվության հիման վրա: Ծառայությունը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելու և փակելու վերաբերյալ տեղեկությունը ստանալու է էլեկտրոնային առողջապահական համակարգից և հարկային մարմնի միջոցով տեղեկացնելու է գործատուին»,-ասաց Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբեր ամիսը համակարգերն ամբողջությամբ պատրաստ կլինեն, և մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա: 

«Մենք այս նախագծով նպատակ ունենք ամբողջ գործընթացը վերափոխել՝ ավտոմատացնելու հնարավորությամբ: Պետական մարմիններում առկա թվային շտեմարաններն այնպիսի հնարավորություններ են ստեղծում՝ ըստ որի նպաստի նշանակումը, հաշվարկումը և վճարումը հնարավոր կլինի իրականացնել ավտոմատացված եղանակով»,-ասաց փոխնախարարը:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում