«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը կայացել է հունվարի 31-ին, ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել մարզիկներին՝ 2024 թվականին ունեցած մրցելույթների համար: Վարչապետը նշել է, որ բազմաթիվ մեդալներ են նվաճվել, բայց ցավոք, մի կարևոր խնդիր հնարավոր չի եղել լուծել, մասնավորապես՝ Օլիմպիական խաղերում չենք կարողացել ոսկե մեդալ նվաճել: «Նման առիթով մենք վերադառնում ենք մեր քաղաքականություններին և փորձում հասկանալ, թե ինչն այնպես չենք անում և ինչ ավելի լավ բան պետք է անենք, որպեսզի այդ նպատակին հասնենք, որովհետև նման դեպքերում, սովորաբար, մեր կանխավարկածն այն է, որ ինչքան էլ մեծ ցանկություն ունենք, երևի մի բան ճիշտ չենք անում, որ այդ արդյունքը չի գրանցվում:
Մենք հետևողական ենք լինելու մարզական ոլորտում մեր քաղաքականությունների ուղղությամբ և մրցանակաբաշխության բովանդակության փոփոխությունն էլ ինչ-որ առումով կապ ունի դրա հետ, որովհետև ամեն անգամ վերադառնում ենք, փորձում ինչ-որ մի բան ավելի լավ անել կամ փոխել և փորձել: Բայց ես, իհարկե, գնահատանքի, խոնարհումի իմ խոսքերն ասելուն զուգահեռ ուզում եմ նաև պատմել, թե օրինակ, ընթացիկ շրջանով բուռն քննարկումների առիթ տվող մի շարք թեմաներ ինչպիսի մեծ կարևորություն ունեն հենց սպորտի բնագավառում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և հավելել, որ այդ համակարգով ամեն տարի Կառավարությունը նախատեսում է վերադարձնել 70 մլրդ դրամ սոցիալական կրեդիտների ձևով: «Ի՞նչ է սոցիալական կրեդիտը: Եթե մարդը երեխային տարել է որևէ մարզական խմբակ, վճարել դրա համար և վճարել է եկամտային հարկ, տարին առավելագույնը 100 հազար դրամի չափով՝ մենք այդ վճարը վերադարձնում ենք: Եվ խոսքը 800 հազար մարդու մասին է: Բայց, իհարկե, հաջորդ արձագանքը հետևյալն է, որ այն մարդիկ, ովքեր ինչ-որ պատճառով խուսափում են կամ վճարման, այլ խնդիրների պատճառով երեխաներին սպորտային խմբակներ տանել, հիմա այս համակարգի շնորհիվ ես ձեզ հավաստիացնում եմ՝ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի»,- ասել է երկրի ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ այստեղ կարևոր է, որ մարզիչները և մարզական ենթակառուցվածքները պատրաստվեն այդ հոսքն ընդունել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ յուրաքանչյուր նորամուծությունից նյարդայնանում են, բայց հաջորդ պահին ջղայնությունն անցնելու է և մնալու է բովանդակությունը: «Բազմաթիվ մարդիկ, որ այսօր հնարավորություն չունեն, տեսնելու են, որ ֆինանսներ են առաջանում, և պետությունը, ըստ էության, ֆինանսավորելու է, այդ թվում՝ մարզական խմբակներում երեխաների ներգրավվածությունը: Հույս ունեմ, որ մեր մարզիչները, մարզիկներն իրենք էլ այդ գործունեությունից մի հատված կառաջարկեն, որպեսզի երեխաներն այդ առաջարկից օգտվելու Կառավարության տված հնարավորությունը կարողանան իրացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեծ սպորտում հաջողություններ ունենալու կարևորագույն գրավականը մանկապատանեկան սպորտը հնարավորինս զանգվածային դարձնելն է:
Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ երեխաներին դեպի սպորտ հրավիրելու ամենամեծ խթանը մեր մեծավաստակ մարզիկներն են՝ նրանց վառ շողացող աստղերը մեր մարզական երկնակամարում: «Եվ մենք այսօր հավաքվել ենք, իհարկե, առաջին հերթին կրկին մեր մեծարանքի և գնահատանքի խոսքերը, մեր սերը, մեր հարգանքը, մեր գնահատանքը մատուցելու նրանց և շնորհակալություն հայտնելու, որ նրանք մեր բոլորի անունից բարձր են պահում Հայաստանի Հանրապետության դրոշը, և մեզ հնարավորություն են տալիս հպարտանալ, հնարավորություն են տալիս հուզվել, հնարավորություն են տալիս ապրել, ապրումակցել և հնարավորություն են տալիս ուրախանալ, որ մեր երկիրը, մեր մարզական համայնքը, մեր մարզական աշխարհն այդպիսի վառ աստղեր է շարունակում պարգևել Հայաստանի Հանրապետությանը, որը շատ կարևոր է, և բոլորին՝ մեծ, փոքր, Կառավարություն, ոչ Կառավարություն, ընդդիմություն, իշխանություն, բոլորին շատ մեծ և կարևոր դրական լիցքեր է հաղորդում»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ խոսվում է ազգային միասնության անհրաժեշտության մասին, բայց մեր մարզիկներն ազգային միասնության ամենավառ օրինակներն են, որովհետև այդտեղ է ազգային միասնությունը: «Երբ մեր մարզիկները Հայաստանի դրոշը բարձրացնում են՝ բոլորը միավորվում են մեր մարզիկների շուրջ, որովհետև այդ դեպքում ձևավորվում է ազգային կոնսենսուս: Կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքի տեր է, ընդդիմադիր է, իշխանամետ է, հազար ներողություն՝ հարուստ է, ոչ այդքան ապահով է, անապահով է, աշխատանք ունի, գործազուրկ է, Հայաստանում է ապրում, թե Հայաստանից դուրս է ապրում, այդ պահին ձևավորվում է ազգային միասնություն: Եվ ես շնորհակալ եմ ձեզ՝ ազգային միասնության գործում ունեցած անուրանալի և անգնահատելի վաստակի համար: Մենք նույնիսկ հավակնություն չունենք, որ գնահատանքի արժանացնենք ձեր վաստակը, որովհետև ինչպես ասացի՝ դա անգնահատելի է: Այսօր մենք մեր համեստ հարգանքի տուրքն ենք մատուցում բոլորիդ»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը:
Հաջորդիվ մրցանակակիրներին պարգևները հանձնել է վարչապետ Փաշինյանը:
«Լավագույն երեք մարզիկ» անվանակարգում հաղթող են ճանաչվել հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
«Լավագույն կին մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել պարածանրամարտիկ Գրետա Վարդանյանը:
«Լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել շախմատի տղամարդկանց թիմը հետևյալ կազմով՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան:
«Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Էմմա Պողոսյանը, «Վերադարձ մեծ սպորտ և /կամ հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:
«Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել 2024 թվականի աշխարհի չեմպիոն, Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը. մրցանակը կհանձնվի նրան կամ ներկայացուցչին՝ պատեհ առիթով: