Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում։
Նախատեսվում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք կխթանեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գիտակցության բարձրացումը, ինչպես նաև բարելավված վերահսկողության համակարգեր։
Կստեղծվի նոր կարգ, որի համաձայն դեպի Հայաստան առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունները պետք է մշակեն ու ներդնեն անվտանգության լրացուցիչ ծրագրեր։
Որակի վերահսկման պատասխանատու անձնակազմը պարտադիր կանցնի մասնագիտական վերապատրաստումներ, որպեսզի ապահովվի ստուգումների և աուդիտների ավելի արդյունավետ իրականացում։
Անօրինական միջամտության ցանկացած դեպքի մասին ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին ծանուցման գործընթացը կդառնա առավել կառուցակարգված և արագ։
Օդանավերի նախաթռիչքային անվտանգության ստուգումները կդառնան ավելի խստացված՝ ապահովելով վտանգավոր նյութերի կամ սարքերի կանխարգելում։
Մուտքի անցագրերի տրամադրումը կիրականացվի նոր ստանդարտներով, իսկ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու համար անձինք կանցնեն մանրակրկիտ ստուգումներ, ներառյալ նախապատմության ստուգումները։
Կարգավորվելու են փոքր ավիացիայի օդանավակայանների, ուղղաթիռային հարթակների անվտանգության պահանջները, ինչպես նաև մասնավոր օդաչուների ստուգումների ընթացակարգերը։
Օդանավակայաններում ներդրվելու են նորագույն անվտանգության տեխնոլոգիաներ, ներառյալ ուղեբեռի բազմաստիճան ստուգման համակարգեր։
Օդանավակայաններում և ավիացիայի հետ կապված կազմակերպություններում աշխատողները պարտադիր կանցնեն նախնական և պարբերական վերապատրաստում՝ ավիացիոն անվտանգության միջազգային պահանջներին համապատասխանելու համար։
Այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու ավիացիոն անվտանգության մակարդակը, համապատասխանեցնելու Հայաստանի ավիացիոն ոլորտը միջազգային չափանիշներին և ստեղծելու ավելի հուսալի ու անվտանգ ավիացիոն միջավայր։