Տեսանյութ

«Արմենպրես»-ի հաջողության պատմությունը կընդգրկվի Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում

4 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու «Արմենպրես» լրատվական գործակալությունը  ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է «Արմենպրես» լրատվական գործակալության հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած  «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՀ  երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց, որ «Արմենպրես»-ը մեծ հեղինակություն և ազդեցություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

«Մեզ համար մեծ պատիվ է այն, որ հենց «Արմենպրես»-ին է վստահված այս նախագծի ամբողջ լուսաբանումը: Մենք վստահ ենք, որ միասին մեզ կհաջողվի ստեղծել մի դասագիրք, որը հնարավորություն կտա մեր ուսանողներին և մասնագետներին ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխան մարքեթինգային գիտելիքներ՝ այն էլ հայալեզու և տեղայնացված օրինակներով»,- ասաց  Մերի Գրիգորյանը: 

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն էլ  ընդգծեց՝ ժամանակակից աշխարհում, երբ  մեդիան և մարքեթինգը տեղ են գտել բոլորի բառապաշարում  ու դարձել գրեթե ամեն օր հաճախակի կրկնվող բառեր, շատ կարևոր է այս երկուսի համընթաց քայլելը, քանի որ  մեկն առանց մյուսի հաջողություն արձանագրել պարզապես չի կարող: 

«Այս տեսանկյունից շատ եմ կարևորում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության համագործակցությունը   «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի հետ, որը հետաքրքիր նախաձեռնություն ունի՝ Հայաստան բերելու  աշխարհի նորարարական, ժամանակակից մարքեթինգային մոտեցումները և հրատարակելու մի աշխատություն, որը կներկայացնի Հայաստանի հաջողված ընկերությունների մարքեթինգային պատմությունները: Շատ կարևոր է նաև  դրանք հասցնել երիտասարդ սերնդին, որը, կրթվելով նշված հաջողության պատմություններով, ինչպես նաև խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի հաջորդականությամբ, կկարողանա դրանք կիրառել իր ամենօրյա և հետագա աշխատանքներում»,- ասաց գործակալության տնօրենը:

Նազարյանը հավելեց, որ,  հավատարիմ լինելով հանրությանը իրազեկելու  հանձնառությանը, «Արմենպրես»-ը նախագծի ամենաառաջնային փուլերից եղել է նախագծի կողքին և փորձել է հանրությանը իրազեկել բոլոր պայմանավորվածությունների և կատարվող աշխատանքների մասին: 

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

 Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում