Տնտեսություն

«Արզնի» թռչնաֆաբրիկան հյուրընկալել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին

4 րոպեի ընթերցում

«Արզնի» թռչնաֆաբրիկան հյուրընկալել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն հունվարի 24-ին այցելել է «Արզնի» թռչնաֆաբրիկա։ 

«Արզնիի» տնօրեն Գևորգ Ջանվելյանի ուղեկցությամբ Նաննա Սկաուն շրջայց է կատարել ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական գործընթացներին, նորագույն տեխնոլոգիաներին ու սարքավորումներին, ընկերության առաջիկա ծրագրերին։ 

«Արզնի» թռչնաֆաբրիկան հիմնադրման օրվանից ջանքերն ուղղում է երկրում պարենային ինքնաբավության բարձրացմանը, գյուղատնտեսության կայուն զարգացմանը խթանելուն, բնակչության սննդային պահանջների բավարարմանը նպաստելուն։ Հանդիպման ընթացքում Նաննա Սկաուն և Գևորգ Ջանվելյանը քննարկել են այս ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:  

«Արժեքավոր հնարավորություն էր այցելել «Արզնի» թռչնաֆաբրիկա և ծանոթանալ ձվի արտադրության գործընթացին։ Կարևոր է համագործակցել տեղական սնունդ արտադրող ընկերությունների հետ և ուսումնասիրել նոր գործընկերությունների հնարավորությունները, որոնք միտված են Հայաստանում պարենային ապահովության բարելավմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

Գևորգ Ջանվելյանի խոսքով, որպես սննդարտադրության ոլորտում առաջատար՝ «Արզնիի» առաքելությունն է ՀՀ բնակչությանը մատակարարել բարձրորակ և թարմ  հավկիթներ, նպաստել  պարենի անվտանգության ապահովմանը. 

«Ուրախ էինք հյուրընկալել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին, քննարկել միասին գործակցելու տարբեր ձևաչափեր ու հնարավորություններ։ Մենք մեր գործունեությամբ, հանրային իրազեկման արշավների և տարբեր միջոցառումների շնորհիվ փորձում ենք սպառողների շրջանում նպաստել առողջ  և դրական սովորությունների ձևավորմանը: Վստահ եմ, որ այս ու նմանատիպ այլ ուղղություններով էլ  ՊՀԾ-ի հետ կարող ենք ունենալ արդյունավետ համագործակցություն, ինչը հնարավորություն կտա մեկտեղել մեր ջանքերը ընդհանուր նպատակների իրականացման համար»»,-նշում է Գևորգ Ջանվելյանը։ 

Վերջինիս խոսքով՝ ընկերությունը մշտապես հետևում է միջազգային լավագույն փորձին, տեղայնացնում այն։ 

«Արզնի» թռչնաֆաբրիկան մեծ ուշադրություն է դարձնում նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու էկո գյուղատնտեսությանը. ֆաբրիկայում ներդրված են բարձր արդյունավետությամբ արևային պանելներ, որոնք ոչ միայն նվազեցնում են արտանետումները, այլև ապահովում են ընկերության ռեսուրսների ինքնաբավությունը։ 

«Արզնի» թռչնաֆաբրիկայում պահվում են բարձր մթերատվություն ապահովող Lohmann LSL Classic և Lohmann Brown Classic  ցեղատեսակների հավեր, ներդրված են ավտոմատացված համակարգեր, ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ, այդ թվում՝ հոլանդական MOBA ապրանքանիշի ձվի տեսակավորման հաստոցն ու Hellman ապրանքանիշի վանդակային սարքավորումը։

«Արզնի» թռչնաֆաբրիկան առաջիկայում նախատեսում է ընդլայնել գործունեությունն ու արտադրական հզորությունները, կառուցել նոր թռչնաֆաբրիկա, Հայաստանում առաջին անգամ սկսել էկո հավկիթների արտադրություն։ 

«Արզնի» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1990-ականներին՝ այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանում թռչնաբուծությունը ճգնաժամային փուլում էր։ Շուկայում գերակշռում էին արտերկրից ներմուծվող հավկիթները, որոնք սննդի անվտանգության տեսանկյունից լուրջ ռիսկեր էին պարունակում: Ընկերությունն իր գործունեությամբ հիմք դրեց տեղական հավկիթների արտադրությանը, ստեղծեց արտադրական ավանդույթներ և նպաստեց  ոլորտի զարգացմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում