Հայաստանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ բացառի տարածաշրջանում ցանկացած էսկալացիա, բացառի պատերազմը կամ առնվազն դրա լեգիտիմությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում։
«Մեր որդեգրած ռազմավարության կարևորագույն նրբություններից է այն, որ հասկանում ենք՝ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել: Եվ այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածը, կներեք ոչ դիվանագիտական բառապաշարի համար, սկսվում է լեզվակռվից: Շատ դեպքերում հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ և ավանդաբար հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք։ Դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարության ռազմավարությունն է՝ թույլ չտալ էսկալացիա, և ամեն ինչին արձագանքել այնպես, որ բացառվի էսկալացիան, պատերազմը կամ առնվազն՝ դրա արդարացվածությունը։
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2024 թվականին արձանագրված վերջին 15-20 տարիների ամենահանդարտ իրավիճակը նաև այս ռազմավարությամբ է պայմանավորված: