Հայաստան

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները խորհրդատվություն են տրամադրում արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները խորհրդատվություն են տրամադրում արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիներին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր գործիքակազմով ձգտում է համակողմանիորեն աջակցել արտագնա աշխատանքի մեկնողներին, այդ թվում՝ մեկնման երկրում գործող օրենսդրության առանձնահատկություններին և փոփոխություններին տեղեկացնելու միջոցով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում այս մասին հայտնեց վերոնշյալ նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը:

«Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով քննարկումը նվիրված էր ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններին և հնարավոր խնդիրներին, որոնց նորամուծությունների արդյունքում կարող են բախվել ՀՀ քաղաքացիները: 

Այդ կապակցությամբ Հրայր Հակոբյանը հայտնեց, որ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմելիս ստանում են համապատասխան խորհրդատվություն և իրազեկվում տվյալ երկրներում սահմանված միգրացիոն քաղաքականության առանձնահատկություններին:

«Մինչ այդ, բնականաբար, առաջարկում ենք աշխատանք գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ ծանոթացնելով աշխատաշուկայում առկա թափուր տեղերին և փորձելով օգնել այդ հարցում: Եթե անձն, այնուամենայնիվ, մեկնելու ցանկություն է հայտնում՝ առաջարկում ենք օգտվելով «Աշխատանք առանց սահմանների» հարթակից՝ ծանոթանալ, ասենք, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործիքակազմին, դիտել բոլոր թափուր աշխատատեղերը, որոնք կան ԵԱՏՄ անդամ երկրներում: Այդ հարթակը հնարավորություն է տալիս անմիջապես դիմել գործատուին և նրա հետ քննարկել աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Եթե ընդհանուր հայտարարի են գալիս, գործատուն ներկայացնում է իրավական դաշտը և մնացած պայմանները»,- մանրամասնեց Հրայր Հակոբյանը:

Նա նշեց նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ մշտապես քննարկում են ծագող խնդիրները և առաջարկում դրանց լուծումները:

ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները արտաքսման 1100 որոշում են կայացրել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Իսկ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի տվյալներով՝ արգելված է ՀՀ 16 հազար 337 քաղաքացու մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում