Վրաստան

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ոչ ոքի թույլ չի տրվի երկրում հեղափոխություն կազմակերպել։

«Հանգիստ միջավայրում յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, բայց երբ բռնության ես դիմում, երկրում հեղափոխություն, հեղաշրջում կազմակերպելու ցանկություն կա, դա չի ստացվի, ընկերներ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կալաձեն։ 

Կալաձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» հաղթել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Նա ընդդիմությանը կոչ է արել ընդունել պարտությունը։ «Կա պետականություն, և հեղափոխություն չի լինի: Կան ընտրություններ, և իշխանությունը փոխվում է նրանց օգնությամբ: Դուք պարտվել եք ընտրություններում։ Ձեզ հաղթել է վրացի ժողովուրդը։ 1. 200 հազար մարդ պաշտպանել է խաղաղությունը և ասել է ոչ ֆաշիզմին»,- հավելել է Թբիլիսիի քաղաքապետը: 

Քաղաքական գործիչը ընդդիմությանը հիշեցրել է, որ նրա ներկայացուցիչները նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, և նրանք պետք է ենթարկվեն հանրապետության օրենքներին, հակառակ դեպքում համապատասխան կառույցները միշտ արձագանքելու են նրանց գործողություններին։

Վրաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում