ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում, սակայն դիվերսիֆիկացնում է իր առևտրային գործընկերներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2024-ի ամփոփոիչ ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկսելու վերաբերյալ զարգացումների հարցին:
«Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախությունն այն է, երբ դու կախված ես բոլորից, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախված»,-ասաց Պապոյանը:
Նախարարը կարևորեց, որ Հայաստանն արտադրի ու տարբեր տեղեր արտահանի մրցունակ ապրանքներ:
«Պետք չէ փոխարինել: Պետք է այդ ծավալները ԵԱՏՄ-ում պահել, մեծացնել, ավելացնել»,-ասաց Պապոյանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը հիմա Արաբական Միացյալ Էմիրություններն է: Առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ նաև Չինաստանն ու ԵՄ-ն են: