Մշակույթ

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ օրվա կապակցությամբ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվել.

«Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝  փարաջանովյան արվեստից ոգեշնչված՝ նոր միջոցառումների կազմակերպմամբ:

Ստեղծվել է 3 նոր թատերական ներկայացում, որոնցից երկուսի հիման վրա հայ-ֆրանսիական համագործակցությամբ նկարահանվել են ֆիլմեր, նաև անցկացվել են ցուցադրություններ, գիտաժողովներ և այլն: Պետությունը ջանքեր չի խնայել առավելագույնս հանրահռչակելու Փարաջանովի արվեստը թե՛ ՀՀ ամբողջ տարածքում, թե՛ արտասահմանում: Մեզ համար կարևոր էր հասկանալ՝ ինչպես է այսօրվա քաղաքացին, երիտասարդը տեսնում և ընկալում մեր մեծերի թողած ժառանգությունը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը համակարգում է մշակութային ժառանգության ոլորտը, ևս բարձր է գնահատել թե՛ հոբելյանական տարին, թե՛ Փարաջանովի թանգարանի գործունեությունը՝ ընդհանրապես:

«Փարաջանովի թանգարանը մեր ամենաակտիվ և այցելվող թանգարաններից է: Այն բաց է եղել նույնիսկ տոն օրերին: Հոբելյանական բոլոր միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով: Չենք սահմանափակվելու հոբելյանական տարով, և ծրագրերը կլինեն շարունակական»,-հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում