Մշակույթ

2024-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման աշխատանքները նախորդ տարվա համեմատ կրկնակի են եղել

3 րոպեի ընթերցում

2024-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման աշխատանքները նախորդ տարվա համեմատ կրկնակի են եղել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման ուղղությամբ տարված աշխատանքները նախորդ տարվա համեմատ կրկնակի են եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելեց՝ Հայաստանում ավելի քան 24 հազար հուշարձան կա, որից վտանգված և ամրակայման կարիք ունեցող հուշարձանների թիվը բավականին մեծ է. այն հասնում է մի քանի հարյուրի։

Նա հիշեցրեց, որ 29 տարվա ընդմիջումից հետո 2024-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը։ 

ՀՀ պետական բյուջեի միջոցներով տարվել է 15 հուշարձանի վերականգնման աշխատանքներ՝ կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ (3-ն ավարտված, 12-ը շարունակական), մշակվել կամ մշակման փուլում են ևս 9 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր: Այս նպատակներով պետական բյուջեից ծախսվել են նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի միջոցներ։

«Այս տարի ևս  ծավալները բավականին մեծ են։ Մեծ թվով հուշարձաններ կան, որոնք անհրաժեշտ է վերականգնել։ Եթե որևէ հուշարձան հրատապ վերականգնման կարիք է ունենում, կա համապատասպան կառույց, որին հնարավոր է ահազանգել, և մասնագետները տեղում այցելում են, գնահատում։ Պատահել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով հուշարձանը վնասվել է, ինչին ավելի արագ արձագանք է եղել»,-նշեց նա։

Անդրադառնալով Մեղրի համայնքի բնակիչներին, որոնք ապրում են մշակութային հուշարձան համարվող կառույցներում՝ նախարարն ասաց, որ պետք է հետևել որոշ կանոնների, սակայն խոսքը չի վերաբերում տանիքների վերականգման անհնարինությանը։ «Քաղաքացիների իրազեկվածության լուրջ խնդիր կա իրենց տներում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։ Առաջիկայում մասնագետները կայցելեն, բնակիչների հետ կհանդիպեն, կպարզաբանեն նրանց հարցերը։ Չկա նման բան, որ այն մարդիկ, որոնք ապրում են հուշարձան ճանաչված տներում, չեն կարող նորոգել օրինակ տանիքը, եթե այնտեղից ջուր է կաթում»,-նշեց Անդրեասյանն ու տեղեկացրեց, որ 2024-ին շարունակվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրման գործընթացը:

51 տարրից կազմված ցանկը համալրվել է ևս 17-ով: Համալրվել է նաև ազգային ուտեստների շտեմարանը, որում ներառվել է Հայաստանի համայնքներում կիրառվող ևս 150 ուտեստ: Ներկայում ուտեստի շտեմարանը բաղկացած է 400 ուտեստից (նախորդ տարի ներառում էր 250 ուտեստ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում