ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որն ավելի վաղ հայտնել էր Գորգի թանգարան բացելու մտադրության մասին, այժմ թանգարանի կոնցեպտի մշակման փուլում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Գորգի թանգարանը որպես առաջին կարևոր նախաձեռնություն ամրագրված է ՀՀ կառավարության մշակույթի զարգացման ռազմավարության մեջ։
«Մենք շատ կաևոր ենք համարում գորգերի համար առանձնացված վայր ունենալը, որովհետև մեր տարբեր թանգարաններում գորգերի հավաքածուներ կան, սակայն չկա մի հատուկ վայր, որտեղ կարելի կլինի ծանոթանալ հայկական գորգի ամբողջական պատմությանը, դրա տարբեր դրսևորումներին։ Կարծում եմ՝ այս իմաստով շատ լուրջ աշխատանք պետք է տարվի։ Այս պահին թանգարանի կոնցեպտի մշակման փուլում ենք, որովհետև յուրաքանչյուր թանգարանի հաջողության գաղտնիքը նաև այն է, թե ինչքանով է բովանդակային առումով այն լավ մշակված։ Առաջիկայում գործուն քայլեր կիրականացնենք»,-ընդգծեց Անդրեասյանը։
Անդրադառնալով ապագա թանգարանի տեղին՝ նա շեշտեց, որ մի քանի տարբերակ է քննարկվում։ Նախարարի համոզմամբ՝ առաջիկայում այդ հարցում առաջընթաց կլինի։