Սուրբ Ծնունդն Աստծո անմնացորդ սիրո դրսևորումն է մարդու հանդեպ. հոգևորականը՝ տոնի խորհրդի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 5-ին և 6-ին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը:

«Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որն է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության տոնը, Աստծո անմնացորդ սիրո կատարյալ դրսևորումն է մարդու հանդեպ, որովհետև  Աստված մարդացավ, որպեսզի մարդուն փրկության առաջնորդի: Սուրբծննդյան ավետիսը մեզ կոչ, հրավեր է, որպեսզի մենք վերածնվենք Աստծո համար և մեր հոգիները, սրտերը, մտքերը դարձնենք այն բեթղեհեմյան մսուրը, որտեղ Քրիստոս մանուկ պիտի ծնվի՝ նորոգելու մեզ, մեր հոգին, էությունը, մեր կյանքն առհասարակ»,-ասաց Տեր Արսեն քահանա Սարոյանը:

Հունվարի 5-ի երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, երբ երեկոյան հավատացյալ ժողովուրդը մասնակցելով Սուրբ պատարագին, կարող է ճրագ տանել տուն, որը, քահանայի պարզաբանմամբ, Քրիստոսի ծննդյան լույսի և Բեթղեհեմյան աստղի խորհրդանիշն է:

Հունվարի 6-ի առավոտյան նույնպես մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին եկեղեցականները նախ խաչով, այնուհետև՝ Սուրբ մյուռոնով օրհնում են ջուրը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի: 

«Օրհնված ջուրը, իբրև մկրտության խորհրդի մի մասնիկ, բաշխվում է  հավատացյալներին, որոնք կարող են այն տանել իրենց տները: Եթե հավատքով գործածենք այդ ջուրը, խմենք, լվացվենք, ապա կարող ենք բուժվել տարատեսակ հիվանդություններից, ցավերից»,-համոզմունք հայտնեց հոգևորականը:

Անդրադառնալով Սուրբ Ծննդին նախորդող պահքին , որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 30-ից՝ Տեր Արսեն քահանա Սարոյանը նշեց, որ պահքն ինքնամաքրման ընթացք է:

«Այդ ընթացքում մարդը պիտի կարողանա նախևառաջ հոգով ինքնամաքրվել և սննդային պահքը գալիս է նպաստելու, որպեսզի որոշակի առումով թուլացնելով մեր մարմինը՝ կարողանանք մեր հոգին հզորացնել, հրաժարվել տարատեսակ մոլուցքներից, որոնք մեզ կարող են շեղել դեպի Աստված տանող ճանապարհից, և ինքնամաքրված  հաղորդ դառնալ Սուրբծննդյան ավետիսին»,-մեկնաբանեց հոգևորականը՝ հավելելով, որ  Սուրբ Ծննդյան ավետիսը գալիս է սթափեցնելու և հրավիրում դեպի Աստված դառնալու, Աստծով նորոգվելու, իր  մեջ վերագտնելու աստվածայինը:

Հայերեն Русский

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է բժշկական հետբուհական կրթության բարեփոխում

Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը

Արամոն և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով կվերադառնան մեծ բեմ

Կառավարությունը նախատեսում է դադարեցնել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ տրամադրելու պրակտիկան

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Չինաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցները

ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում