ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 5-ին և 6-ին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը:
«Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որն է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության տոնը, Աստծո անմնացորդ սիրո կատարյալ դրսևորումն է մարդու հանդեպ, որովհետև Աստված մարդացավ, որպեսզի մարդուն փրկության առաջնորդի: Սուրբծննդյան ավետիսը մեզ կոչ, հրավեր է, որպեսզի մենք վերածնվենք Աստծո համար և մեր հոգիները, սրտերը, մտքերը դարձնենք այն բեթղեհեմյան մսուրը, որտեղ Քրիստոս մանուկ պիտի ծնվի՝ նորոգելու մեզ, մեր հոգին, էությունը, մեր կյանքն առհասարակ»,-ասաց Տեր Արսեն քահանա Սարոյանը:
Հունվարի 5-ի երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, երբ երեկոյան հավատացյալ ժողովուրդը մասնակցելով Սուրբ պատարագին, կարող է ճրագ տանել տուն, որը, քահանայի պարզաբանմամբ, Քրիստոսի ծննդյան լույսի և Բեթղեհեմյան աստղի խորհրդանիշն է:
Հունվարի 6-ի առավոտյան նույնպես մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին եկեղեցականները նախ խաչով, այնուհետև՝ Սուրբ մյուռոնով օրհնում են ջուրը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի:
«Օրհնված ջուրը, իբրև մկրտության խորհրդի մի մասնիկ, բաշխվում է հավատացյալներին, որոնք կարող են այն տանել իրենց տները: Եթե հավատքով գործածենք այդ ջուրը, խմենք, լվացվենք, ապա կարող ենք բուժվել տարատեսակ հիվանդություններից, ցավերից»,-համոզմունք հայտնեց հոգևորականը:
Անդրադառնալով Սուրբ Ծննդին նախորդող պահքին , որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 30-ից՝ Տեր Արսեն քահանա Սարոյանը նշեց, որ պահքն ինքնամաքրման ընթացք է:
«Այդ ընթացքում մարդը պիտի կարողանա նախևառաջ հոգով ինքնամաքրվել և սննդային պահքը գալիս է նպաստելու, որպեսզի որոշակի առումով թուլացնելով մեր մարմինը՝ կարողանանք մեր հոգին հզորացնել, հրաժարվել տարատեսակ մոլուցքներից, որոնք մեզ կարող են շեղել դեպի Աստված տանող ճանապարհից, և ինքնամաքրված հաղորդ դառնալ Սուրբծննդյան ավետիսին»,-մեկնաբանեց հոգևորականը՝ հավելելով, որ Սուրբ Ծննդյան ավետիսը գալիս է սթափեցնելու և հրավիրում դեպի Աստված դառնալու, Աստծով նորոգվելու, իր մեջ վերագտնելու աստվածայինը: