ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտը 2024 թվականը կհիշի մի շարք ռեկորդներով, տպավորիչ հաղթանակներով և 33-րդ ամառային Օլիմպիական խաղերով, որը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Հայաստանի մարզիկները Օլիմպիական խաղերից վերադարձան 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալով: Հայկական սպորտն այս Օլիմպիական խաղերում ևս մնաց առանց ոսկու: «Արմենպրես»-ը մեկ նյութում ներկայացնում է հայկական սպորտի ամենակարևոր իրադարձությունները՝ «Սպորտի 2024»-ը:
Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ
Հունվարին Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:
Հրաձիգության Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ նվաճեց հրաձգության աշխարհի գավաթում:
Փետրվար ամսին ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց ԵԱ-ում: Առաջին տեղում էր նաև ծանրորդ Հակոբ Մկրտչյանը:
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն, ոսկու արժանացան նաև ըմբիշներ Արման Անդրիասյանը և Արսեն Հարությունյանը: Իր առաջին ոսկե մեդալը ԵԱ-ում նվաճեց ծանրորդ Վարազդատ Լալայանը:
ԵԱ-ում բրոնզե մեդալներ նվաճեցին ըմբիշ Մանվել Խաչատրյանը, Մեժլում Մեժլումյանը:
Ծանրամարտի ԵԱ-ում փոխչեմպիոն դարձան Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Դավիթ Հովհաննիսյանը: Երկրորդ տեղում էին ծանրորդներ Ռաֆիկ Հարությունյանը, Գարիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը:
Մարտին հայտնի դարձավ, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում:
Ապրիլին մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դարձան 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթողներ:
Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի, իսկ Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձան համապատասխանաբար Սլովակիայի և Հունգարիայի չեմպիոններ:
Մխիթարյանը պատմական նվաճման հասավ. հայ ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:
Բռնցքամարտում Նարեկ Մանասյանը և Բարեղամ Հարությունյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները, բրոնզի արժանացան Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Արթուր Սահակյանը, Արթուր Բազեյանը և Արարատ Հարությունյանը:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը:
Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս
Մայիսին Երևանում կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և հայտնի դարձավ, որ հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը կկայանա Երևանում:
Հունիսին Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով դիմեցին երիտասարդների 2029 թվականի ֆուտբոլի ԱԱ-ն հյուրընկալելու համար:
Հուլիսին` պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց ՕԽ ջահի փոխանցումավազքին, իսկ Փարիզում մեկնարկեցին 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին Հայաստանը մասնակցեց 15 մարզիկով:
Օգոստոսին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում:
Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր:
Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Գոհար Հարությունյանը հռչակվել է հրաձգության Եվրոպայի չեմպիոն:
Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
Սեպտեմբերին Հայաստանը Պարալիմպիկ խաղերին մասնակցեց 3 մարզիկով:
ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչեց է 100-ամյակի լավագույն թիմ:
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին:
Հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց պաշտոնից: Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ ոչ օլիմպիական քաշերի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Դեկտեմբերին ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: 2024 թվականի ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը: