Տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված կշեռքները՝ մեկ հարկի տակ. Ռուսական արվեստի թանգարանում նոր ցուցադրություն բացվեց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի  տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից  կշեռքներ, որոնք ստեղծվել են վաղ միջնադարից սկսած մինչև  20-րդ դարի  կեսերը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում։ 

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը հիշեցրեց՝ տարիներ առաջ այլ թանգարանների հետ համագործակցելով՝ ինքնաեռների ցուցադրություն են կազմակերպել, ինչից հետո գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանն առաջարկել է նաև կշեռքների ցուցահանդես նախաձեռնել։ 

«Դա 2022 թվականն էր։ Երկու տարի անց մենք իրագործում ենք այդ գաղափարը։ Այս ցուցադրությանն ընդգրկված են Հայաստանում և հայկական գաղթօջախներում կիրառված տարբեր տեսակի կշեռքներ, որոնք տարբեր նպատակներով են կիրառվել», - ասաց Մկրտչյանն ու հավելեց՝ ցուցադրությանն արվեստասերները հնարավորություն ունեն ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։ 

Ցուցադրության հայեցակարգի հեղինակ և համադրող Հրազդան Թոքմաջյանը ցուցադրությունը պատրաստելիս երկու հիմնական նպատակ է ունեցել՝ ներկայացնել կշեռքն իր ողջ բազմազանությամբ և ընդգծել կշեռքի խորհուրդը, նշանակությունը։  

«Սա ամբողջական, բայց չափերով փոքր ցուցահանդես է։ Երկրներ կան, որ կշեռքի թանգարաններ ունեն։ Ժամանակակից մարդու համար ակնառու է կշեռքը որպես արդարադատության խորհրդանիշ։ Այդ գաղափարը գալիս է հնագույն ժամանակներից՝ Միջագետքից և շարունակվել է նաև միջնադարում, քրիտոնեական մտածողության մեջ այն ևս առկա է. ահեղ դատաստանի գաղափարն ուղղակիորեն կապված է կշեռքի հետ, որովհետև կշեռքով էին դատում չարն ու բարին, մարդու լավ և վատ գործերը և, ըստ այդմ, դժոխք և դրախտ գնալու վճիռն այդ գործիքի միջոցով էր կատարվում: Այդ պատճառով էլ կշեռքը միջնադարյան մանրանկարչության մեջ առկա է ահեղ դատաստանի, խաչելության, դժոխքի ավերման տեսարաններում։ Մենք կշեռքի նշանը կարող ենք գտնել նաև խաչքարերի փորագրություններում, երբեմն՝ տապանաքարերի վրա»,-պատմեց Թոքմաջյանը։

Ցուցադրության մեջ մի շարք հետաքրքիր կշեռքների կողքին ներկայացված են անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Մսի շուկա։ Կշեռքի վրա» կտավը և Սերգեյ Փարաջանովի «Հռոմուլոսը և Հռեմոսը» կոլաժը։

«Կտավում խորհրդային շրջանի կշեռք է, որն ավելի շատ ռեպրեսիվ գործիք է հիշեցնում, իսկ կշեռքի վրա կովի մաշկազերծ գլուխն ասես զոհի խորհրդանիշը լինի, իսկ Փարաջանովի թանգարանի տրամադրած կոլաժը Փարաջանովը ստեղծել է՝ ոգեշնչվելով Հռոմը հիմնադրած եղբայրների պատմությունից»,-տեղեկացրեց Թոքմաջյանը, որն իր անձնական հավաքածուից նմուշներ է տրամադրել ցուցադրության համար։

Ցուցահանդեսը  միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ  ներկայացվում են կշեռքներ  Հայաստանի պատմության,  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային, Երևան քաղաքի պատմության, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի, Միջին արևելքի, Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանների,  կոլեկցիոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի,  Գալամքերյանների և Հրազդան Թոքմաջյանի  հավաքածուներից։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը։ Այդ  ընթացքում  կկազմակերպվեն  թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։

Կշեռքն ի հայտ է եկել մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջում։ Կշեռքի կիրառման ամենավաղ կենտրոններն են եղել Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի վաղագույն քաղաքակրթությունները: Կշեռքի հիմքում մարդու անատոմիան է: Մարդն առաջին անգամ երկու ձեռքի ափը օգտագործել է՝ հասկանալու ապրանքի քաշը, «ծանր ու թեթև արել» այն գնահատելու և փոխանակելու համար։ Կշեռքի նժարները երբեմն անվանում են թաթ։ 

Կշեռքի գյուտը տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում, երբ առևտրական կապերը ընդարձակվել են։ Կշեռքները տարբեր մշակույթներում  ունեցել են տարբեր խորհրդաբանություն։ Հին ժամանակներից կշեռքներն օգտագործվել են որպես այլաբանություն, որն անձնավորել է արդարությունն ու չափավորությունը։  Կշեռքը հին հունական  արդարության և հատուցման աստվածուհիներ Թեմիսի և Նեմեսիսի խորհրդանիշն է։ Կշեռքն այսօր էլ մնում է դատական իրավունքի  և արդարադատության խորհրդանիշ։ Այն  ներկայանում է Թեմիսի տեսքով, որի աչքերը փակ են, իսկ ձեռքում կշեռք է։

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը