ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի դատախազության՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ իրականացվող դատական գործընթացներում համագործակցելու՝ Հայաստանին արված առաջարկը հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա ու լրացուցիչ քաղաքական լծակ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի դատախազության՝ Բաքվի բանտերում պահվող ԼՂ-ի նախկին պաշտոնյաների դատական գործընթացների ժամանակ համագործակցելու համար Հայաստանին արված առաջարկին։
Մենաբանելով վերոնշյալ առաջարկը և այն, թե այդ հարցին Հայաստանն ի՞նչ արձագանք կտա՝ Բեգլարյանը նշեց․ «Սա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա»։
Բեգլարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն այս առաջարկով Հայաստանին փորձում է դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը լինի մերժող կողմը, և միջազգային հանրությունը դիտարկի, թե Հայաստանն այս հարցում, իբրև թե, ապակառուցողական է։
«Ադրբեջանն այս առաջարկով փորձում է նաև ձևացնել, թե տեղի ունեցողն ուղղակի շոու չէ, և իրենք պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից տվյալներ վերցնել։ Մյուս կողմից, սա Հայաստանի համար նաև հնարավորություն է, որ նմանատիպ հարցերը վեր հանվեն, և Բաքվում գտնվող մեր բոլոր գերիների հարցերով ՀՀ-ն ավելի ակտիվ գործողություններ կատարի, և այդ հարցը դարձնի բանակցությունների թեմա»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթցաքում՝ սկսած 1980-ական թվականների վերջից, այն բոլոր հնարավոր փոխադարձ մեղադրանքները, որոնք կան նաև Հայաստանի կողմից՝ հատկապես վերջինիս՝ Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց հետո։
«Եթե Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, ապա ես վստահ եմ, որ սա տանելու է փակուղի, և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև ադրբեջանցիները պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել։ Նրանց համար «հայերը մեղավոր են», իսկ «ադրբեջանցիները որևէ հանցագործություն չեն կատարել»։ Հայաստանն այստեղ հնարավորություն ունի ավելի հիմնավորված, փաստարկված ցույց տալ ինչպես Բաքվում գտնվողների մեղքի բացակայությունն, այնպես էլ ադրբեջանական զինվորականների կամ պաշտոնյաների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով: