Հայաստան

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

2 րոպեի ընթերցում

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականին առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը գերատեսչության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ դասավանդող 361 մանկավարժական աշխատողներ:

Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝

  •  60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող
  • 70-79 տոկոս արդյունք՝ 67  մանկավարժական աշխատող
  •  80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող
  •  90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող
  •  նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից:                

Ատեստավորման գործընթացը միտված է մանկավարժական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը. ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար: 60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում