Միացյալ Նահանգներ

Գրենլանդիայի խորհրդարանում Թրամփին հիշեցրել են, որ կղզին չի վաճառվում

3 րոպեի ընթերցում

Գրենլանդիայի խորհրդարանում Թրամփին հիշեցրել են, որ կղզին չի վաճառվում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու վճռական նշանակության մասին «շատ անհարգալից է» և վկայում է այն մասին, որ Թրամփը մտադիր է «գնել» կղզին, հայտարարել է «ժողովրդական համայնք» կուսակցությունից Գրենլանդիայի խորհրդարանի պատգամավոր Աայա Շեմնիցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գրենլանդիան, ինչպես և նախկինում, չի վաճառվում։ Ես կարծում եմ, որ «տիրում» և «վերահսկողություն» բառերը, որոնք գործածել է ԱՄՆ ապագա նախագահը, որը որոշում է ամբողջ արևմտյան աշխարհի արտաքին և անվտանգության քաղաքականությունը, բավականին հստակ ազդանշան է այն մասին, որ նրանք ցանկանում են գնել Գրենլանդիան: Եվ նաև դանիացի քաղաքական գործիչների նկատմամբ անհարգալից է ասել, թե այս որոշումը կախված է Դանիայից», - ասել է Շեմնիցը, որի խոսքերն է մեջբերել Ritzau գործակալությունը:

Միևնույն ժամանակ Շեմնիցը դեմ չէ ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնմանը։ Որպես օրինակ նա բերում է Գրենլանդիայում Միացյալ Նահանգների հյուպատոսության բացումը։ Բայց, ըստ պատգամավորի, ԱՄՆ-ի մաս դառնալ կղզու բնակիչները չեն ցանկանում։

«Այդ որոշումը Գրենլանդիայինն է և Գրենլանդիայի ժողովրդինը: Մենք ընդլայնել ենք ինքնակառավարումը Գրենլանդիայում: Եվ որքան ինձ հայտնի է, Գրենլանդիայում ոչ մի կուսակցություն չի ցանկանում դառնալ ԱՄՆ քաղաքացիներ», - հավելել է նա:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկել Գրենլանդիան։ 

«Ես ուրախությամբ հայտարարում եմ , որ Քեն Հաուերին ընտրել եմ Դանիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում…. Ի շահ ազգային անվտանգության և ամբողջ աշխարհում ազատության` Միացյալ Նահանգները կարծում է, որ բացարձակապես անհրաժեշտ են Գրենլանդիային տիրելը և նրա նկատմամբ վերահսկողություն հաստատելը: Քենը հիանալի կներկայացնի Միացյալ Նահանգների շահերը», - գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

2019 թվականին Թրամփի առաջին նախագահական ժամկետի շրջանում ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրել էին, որ նա շահագրգռված է Գրենլանդիայի ձեռքբերման հնարավորությամբ։ Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ և ունի լայն ինքնավարության  իրավունքներ։ Թագավորության իշխանություններն այն ժամանակ  հրաժարվել էին Գրենլանդիան վաճառելու քննարկումից՝ գաղափարն անվանելով անհեթեթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում