ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու ուժային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում։
«Այստեղ եմ նաև շնորհակալություն հայտնելու պարոն Մուրադյանին՝ վերջին երկու տարում որպես մարզպետ կատարած մեծածավալ աշխատանքի և այն ներդրման համար, որ ինքն ունեցել է Շիրակի մարզի զարգացման գործում: Մենք պարոն Մուրադյանի հետ թիմակիցներ ենք ու այս ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել և վստահ եմ, որ պարոն Մուրադյանն իր ներուժը կշարունակի օգտագործել այն բնագավառում, որտեղ կորոշի, որ այդ ներուժի կարիքը կա»:
Նախարարը շնորհավորեց նաև Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության և Շիրակի մարզի առջև։
«Մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահ եմ, որ պարոն Արուշանյանն իր բոլոր ջանքերը գործադրելու է այդ աշխատանքները կյանքի կոչելու համար։ Վստահ եմ, որ մարզպետի աշխատակազմն ու համայնքների ղեկավարները կօգնեն իրականացնել այն աշխատանքը, որ դրված է ՀՀ կառավարության ու Շիրակի մարզի առջև»,-հավելեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: