ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից՝ դեկտեմբերի 19–ին կառավարությունը հավանության է արժանացրել մշակված և շրջանառության մեջ դրված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը:
Նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ:
Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
«Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:
Գործող օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունները կարիք ունեին առավել հստակեցման, ինչն արդեն նոր օրենքի նախագծում կատարելագործվել է, ինչպես նաև հստակեցվել են ծառայության առանձին իրավասությունների սահմանումները»,–հայտնել են ՊՎԾ–ից: Բացի այդ, գործող օրենքում առկա են մի շարք ընդհանրական ձևակերպումներ, որոնք գործնականում կարող են տարընթերցումների տեղիք տալ: Նախագծով սահմանված որոշ հասկացություններ և բնորոշումներ հստակեցվել են, ինչպես նաև լրացուցիչ պարզաբանվել են ծառայության իրավասությունների սահմանումները: Ծառայության վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը բերվել են ավելի համընդհանուր կիրարկման դաշտ:
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով նախագծով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն:
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում, մոնիթորինգի և մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայության հիմնարկներում իրականացվող հանրային գնումները: Նախագծով նախատեսվել են նաև ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը, կանոնակարգվել են առանձին դեպքերում որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը:
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է Ազգային ժողով: