ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գերկարևոր նշանակություն ունի էներգետիկ ռիսկերը չեզոքացնելու և շատ ավելի ադեկվատ ապրանքային, տնտեսական և առևտրային հարաբերություններ ձևավորելու, ինչպես նաև այդ ռիսկերը կառավարելու ու ապրանքների մատակարարման հնարավորություններ ունենալու տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ընթացքում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանի կողմից իրականացվող դիվերսիֆիկացման քաղաքականության մասին։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ աշխարհում անջատ ռիսկեր գոյություն չունեն, իսկ կոնսոլիդացված ռիսկերի տեսանկյունից շատ ավելի գործնական կլիներ, եթե այդ շերտերը հնարավոր լիներ պարբերաբար քննարկել և բացել, քանի որ ամեն ինչ՝ անկախ մեր ցանկություններից կամ ճաշակից, այդքան պարզ չէ։
«Ունենք տրադիցիոն փոխկապակցվածություններ, որոնք միայն քաղաքական չեն, որովհետև, այնուամենայնիվ, 30 տարվա ընթացքում կամ նորագույն պատմության ընթացքում տեղի են ունեցել ադապտացումներ ինչպես տնտեսական, այնպես էլ լոգիստիկ, որոնք հանգեցնում են նրան, որ կտրուկ քայլեր անելուց առաջ պետք է շատ լավ գնահատել, թե մեկ կամ մյուս բաղադրիչը ինչ հետևանքների կարող է բերել։ Եվ շատ դեպքերում, երբ փորձում ենք գնահատել, օրինակ, էներգետիկ ռեսուրսի կամ ապրանքի բացակայությունը և այդ հարցը քննարկում ենք անջատ, թվում է, թե ինչ-որ կառավարելի իրավիճակ է, բայց երբ այդ հարցը քննարկում ենք տրանսպորտի, ենթակառուցվածքների վիճակի տեսանկյունից, լրիվ այլ պատկեր ենք ստանում»,-նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ շատ հաճախ այդ խնդիրներն ի հայտ են գալիս նաև էներգառեսուրսների հետ, որովհետև շատ դեպքերում միջազգային շուկաներում կա էներգետիկ ապրանքի մի գին, բայց հետո նկատվում է, որ լոգիստիկ ծախսերն այդ գինը ոչ միայն բարձրացնում են, այլև ուղղակի անհնար են դարձնում մատակարարումը։
«Այդ իմաստով ես կարծում եմ, որ եթե մենք փորձենք միասին գնահատել գազամատակարարման ենթակառուցվածքը տարածաշրջանում, այստեղ պետք է հաշվի առնենք, որ կայուն և էներգետիկ ռիսկեր կառավարելիս՝ մենք պետք է հաշվի առնենք, որ խնդիրը ոչ միայն ապրանքի գնի կամ ապրանքի լինելիության, այլ նաև դրա մատակարարման հնարավորությունների մեջ է, որոնք շատ դեպքերում ուղղակի ֆիզիկապես սահմանափակ են»,- նկատեց փոխվարչապետը։
Նրա դիտարկմամբ՝ այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և գերկարևոր նշանակություն ունի այդ ռիսկերը չեզոքացնելու և շատ ավելի ադեկվատ ապրանքային, տնտեսական և առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։
Մհեր Գրիգորյանը նաև կարևորեց այսօրվա աշխարհում մրցունակ արտադրանքի արտադրությունը՝ ընդգծելով, որ եթե արտադրանքը որակյալ է, ապա դրա իրացման և արտահանման հետ կապված խնդիրներ ուղղակի գոյություն չեն ունենում։